Հավելյալ ջրառի պահանջարկը բնակլիմայական պայմանների թելադրանք է: Այս մասին, այսօր՝ օգոտսոսի 28-ին, ԱԺ արտահերթ նստաշրջանում, «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց կառավարության ներկայացուցիչ, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը։
Նշենք, որ օրինագիծը ենթադրում է այս տարի Սեւանա լճից լրացուցիչ 40 մլն խմ ջրառ իրականացնել:
Նա ցավով նշեց, որ այսօր հնարավոր չէ առանց Սեւանի ապահովել ոռոգելի տարածքների ջրով ապահովելու հարցը։
«Հուլիսից ոռոգման համակարգը անցել է խնայողական խստագույն ռեժիմի Առկա դեֆիցիտը լրացնելով հնարավոր բոլոր աղբյուրներով, որը կազմում էր 120 մլն խմ, այսօր նվազեցրել ենք մինչեւ 40 միլիոն խմ–ի։ Ամեն ինչ անելու ենք, որ առաջին փուլի համար նախատեսված 25 մլն խմ ջուրը չգերազանցենք, եթե իհարկե ամառն իր լիազորությունները շատ չչարաշահի». նշեց Ինեսա Գաբայանը։
Զեկուցողը Խորհրդարանին ներկայացրել Սեւան–Հրազդան ոռոգման համակարգի՝ տարվա սկզբի ջրառի եւ ջրտուքի ցուցանիշները։ Ըստ այդմ, համակարգը ոռոգում է 35,7 հազար հա ոռոգելի տարածք։ Ջրօգտագործող ընկերությունների տարեկան հայտը եղել է 345 մլն դրամի։ Նշված ջրաքանակը ապահովելու համար «Ջրառ» ՓԲԸ պլանավորել է ջրաղբյուրներից վերցնել 499,5 մլն խմ ջուր, որից շուրջ 154,5 միլիոնը կորուստներ են եղել։ ՋԿ նախագահի տվյալով՝ միջտնտեսային եւ ներտնտեսային ցանցերում ջրի կորուստը 43 տոկոս է։
Ինեսա Գաբայանի խոսքով՝ 2018 թվականին միջոցառումներ են իրականացրել պոմպակայանները պլանավորածից ավելի աշխատեցնելու պայմաններում դեֆիցիտը կրճատել 43.7 մլն դրամով։ Եւս 76,4 միլիոն խնայել են արդյունավետ օգտագործման արդյունքում. 10 օրից 7 օր ջուր մատակարարել են, 3 օր՝ ոչ։
«Այս պայմաններում կոմիտեն հավելյալ 800 մլն դրամի էլեկտրաէներգիա է օգտագործելու, քանի որ պոմպակայանները շահագործվելու են առավելագույն հզորությամբ։ Մնացած դեֆիցիտը՝ 40 մլն խմ, խնդրում ենք լրացնել Սեւանից հավելյալ ջրառ իրականացնելով»,- ամփոփեց Ջրային կոմիտեի նախագահը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 23-ին կառավարությունը հավանություն է տվել «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որով առաջարկվում է Սեւանա լճից ջրառի չափը 2018 թվականի համար 170 մլն խմ-ից դարձնել մինչեւ 210 մլն խմ, այսինքն ավելացնել 40 մլն խմ-ով:




























