Ֆրանսիայում գործող Սաթէ-Աթղը թատերական միությունը ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ Հայաստանում կներկայացնի Յասմինա Ռեզայի դրամատուրգիային նվիրված միջոցառումների շարք;

Ֆրանկոֆոնիայի Գագաթնաժողովի շրջանակներում «Սաթէ-Աթղը» թատերական միությունը նպատակ ունի հայ ընթերցողին եւ հանդիսատեսին ճանաչելի դարձնել

ֆրանսիացի ժամանակակից նշանավոր դրամատուրգ Յասմինա Ռեզայի թատրոնն ու ստեղծագործությունները։ Ռեզան աշխարհում ամենաշատը թարգմանված եւ բեմադրված ժամանակակից ֆրանսիացի դրամատուրգներից է, ով, դժբախտաբար, գրեթե հայտնի չէ ո՛չ հայ ընթերցողին, եւ ո՛չ էլ՝ հայ հանդիսատեսին:

Մեր նախագիծը ներառում է հետեւյալ միջոցառումների շարքը. Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կբեմադրվի «Սպանդի Աստվածը» պիեսը: Ներկայացման մեջ ներգրավված են Նարինե Գրիգորյանը, Սերգեյ Թովմասյանը, Տաթեւ Հովակիմյանը եւ Արթուր Մանուկյանը:

Նույն պիեսը կբեմադրվի նաեւ ֆրանսերեն եւ կցուցադրվի երկու անգամ բացառապես ֆրանկոֆոն հանդիսատեսի համար: Պիեսի ֆրանսերեն տարբերակում կներկայանան հրավիրյալ դերասաններ՝ Քիթ Ֆարքուարը /Ֆրանսիա/, Մարժոլեն Օժերը /Կանադա/ եւ Ժերալդ Բաբազյանը /Ֆրանսիա/: Հրավիրյալ արտիստները կանցկացնեն նաեւ վարպետության դասընթացներ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում /ուսանողների համար/ եւ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում /պրոֆեսիոնալ դերասանների համար/: Կդասավանդվի մասնավորապես Մայզների տեխնիկան:

Վարպետության դասընթացներ կլինեն նաեւ ֆրանսերեն ուսումնասիրողների համար՝ «Սովորել ֆրանսերեն թատրոնի միջոցով» խորագրով: Կթարգմանվի եւ Զանգակ հրատարակչատան կողմից կհրատարակվի Յասմինա Ռեզայի վեց պիես: Գրքի շնորհանդեսը կկայանա Զանգակ գրատանը: Նույն վայրում կցուցադրվի նաեւ Ռեզայի ՛՛ԱՐՎԵՍՏ՛՛ պիեսի թատերականացված ընթերցումը, որը Սաթէ-Աթղը թատերական միությունը իրականացնում է ԱԳՈՐԱ թատերախմբի հետ համատեղ: Ռեզայի պիեսների ժողովածուի հայերեն գրքի շնորհանդեսը կկայանա նաեւ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում:

Սաթէ-Աթղը թատերական միությունը կմեկնի նաեւ Գորիս՝ «Սպանդի Աստվածը» բեմադրությունը Գորիսի հանդիսատեսի դատին ներկայացնելու: Ներկայացումից բացի կլինեն նաեւ վարպետության դասընթացներ: Միությունը վարպետության դասընթացներով հանդես կգա նաեւ Սեւանում: Հայ թատրոնի խաղացանկը կարիք ունի թարմանալու համաշխարհային հնչեղություն ունեցող գրողների երկերով, եւ սա հրաշալի առիթ կլինի անդրադառնալու համաշխարհային գրականության եւ թատրոնի մեջ իր ուրույն տեղն ունեցող ժամանակակից այս հեղինակին։