Գեյմերները հաճախակի ոտքի տակ են առնում ողջ համացանցը հետաքրքիր խաղեր գտնելու համար: Ճիշտ է խաղերը շատ են, բայց քանակը չի կարող փոխարինել որակը:

NEWS.am-ը շարումակում է թեթեւացնել գեյմերների դժվարին կյանքը, ու զբաղվել հետաքրքիր և ուշադրության արժանի խաղերի փնտրտուքներով: Եվ այս անգամ մեր  առջև բացվեցին դժոխքի դարպասները: Ձեզ ենք ներկայացնում Green Hell խաղը, որը թողարկվել է 2018 թվականի օգոստոսի 29-ին:

Գլխավոր հերոսը հայտնվում է Ամազոնի ջունգլիներում, եւ նրա հիմնական խնդիրն է ամեն գնով ողջ մնալը: Ամազոնյան դժոխքը խաղային կերպարին կարող է հասցնել խելագարության: Դուք պետք է պայքարեք ֆիզիկական եւ հոգեկան կայունության համար: Ֆիզիկապես կայուն լինելու համար պետք է զբաղվել սնունդի որոնումներով, սակայն այդ ընթացում պետք է զգույշ լինել, քանի որ ինքներդ կարող եք դառնալ սնունդ՝ դժոխքի բնակիչների համար: Խաղի ստեղծողներն արել են ամեն ինչ, որպեսզի այն որքան հնարավոր է համապատասխանի իրական կյանքում գոյատեւման կանոններին:

Խաղում սնունդ գտնելն այդքան էլ հեշտ չի լինի: Ճանապարհին Ձեզ կհանդիպեն նաեւ սնկեր, բայց կյանքի համար դրանք վտանգ ներկայացնում են, թե՝ ոչ, պարզ է դառնում այն ուտելուց հետո: Այնպես որ չշտապեք այն միանգամից փորձել: Իսկ մեղրին մոտենալուց պետք է առանձնակի զգույշ լինել: Վստահ եղեք՝ մեղուները Ձեզ հետ հեշտությամբ չեն կիսվի:

Ստեղծողները նաեւ հոգացել են վնասվածքների մասին: Դրանցից յուրաքանչյուրը բուժվում է յուրահատուկ ձեւով: Պետք է ուշադիր լինել, եւ հետեւել առողջությանը:

Խաղն ունի նաեւ սյուժե: Վստահ եղեք այն Ձեզ իրոք լարված կպահի: Դուք կհանդիպեք վայրի ցեղի ներկայացուցիչների հետ, ովքեր ուրախ չեն լինի Ձեզ տեսնել: Նրանց հետ հանդիպման լավ կլինի գնալ պատրաստված. ինչ իմանաս, մարդու միս նրանք սիրում են, թե չէ: Չնայած, կարող եք պարզել ինքներդ:

Դե ինչ, խաղացեք, ստացեք վառ էմոցիաներ, ընտելացեք խաղային այդ աշխարհին, եւ կստանաք Դժոխքի դռները բացելու բանալին:

Ալբերտ Դադոյան