Դուք անկարող եք անցյալը փոխել, բայց կարող եք ձեր տհաճ պատմությունը վերաշարադրել եւ արդյունքում ձեզ ավելի լավ զգալ: Գիտնականները հայտնել են, թե անցյալի իրադարձությունների հանդեպ վերաբերմունքն ինչպես է հնարավոր փոխել, փոխանցում է Planet-today-ը:
Հիշողությունները մարդկանց կարող են անհանգստացնել երկար տարիներ շարունակ՝ երբեմն դեպրեսիայի հասցնելով: Գիտնականները պնդում են, որ այս բացասական հիշողությունները կարելի է փոխել: Ոչ թե ուղղակի, այլ փոխաբերական իմաստով, այսինքն՝ դրանից հետո մարդը դրանց այլ հայացքով կնայի՝ իրեն ավելի բարվոք զգալով:
Գերմանիայի Համբուրգ Էպենդորֆի Համալսարանական բժշկական կենտրոնի գիտնականները ստուգել են այս մեթոդի արդյունավետությունը դեպրեսիայով մարդկանց համար: Գիտնականների կարծիքով՝ մարդիկ անցյալի հանդեպ վերաբերմունքը փոխելու ցանկություն ունեն հանուն ավելի լավ ապագայի: Եվ հիմա հիշողությունների խմբագրման մեթոդի շնորհիվ նրանք այդպիսի հնարավորություն են ստանում: Մեթոդը գործուն է նույնիսկ բարձիթողի դեպքերի ժամանակ:
Սա տեղի է ունենում երեւակայության միջոցով: Այսինքն՝ դուք չեք ջնջում անցյալի իրադարձության մասին հիշողությունը, այլ այն պահպանում եք նոր խմբագրմամբ, որը մրցակցում է աղբյուրի հզորության հետ եւ հետեւաբար՝ թուլացնում դրա ազդեցությունը: Խմբագրված դրական մտավոր կերպարները մարդկանց բացասականի փոխարեն, այլ զգացումներ են հաղորդում:
Գիտնականների ենթադրությամբ՝ վատ հիշողությունների վրա ազդելու պատկերավորման հզոր ունակությունը մասամբ կապված է այն հանգամանքի հետ, որ հիշելով դուք ոչ թե պարզապես վատ իրադարձության մասին եք մտածում, այլ այն տեսնում եք ձեր երեւակայության մեջ: Պատկերների խմբագրումը կիրառում են հոգեթերապեւտները, սակայն հետազոտության հեղինակների կարծիքով՝ մարդկանց կարելի է սովորեցնել այս մեթոդն ինքնուրույն օգտագործել:
Քանի որ այս գաղափարը նախկինում երբեք չի ստուգվել, հետազոտության հեղինակները որոշել են այն գործնականում ստուգել: Հետազոտությանը մասնակցել է մոտ հազար մարդ: Փորձարարական խմբերը համեմատելով՝ հեղինակները հայտնաբերել են, որ մեթոդն իսկապես արդյունավետ է (6 շաբաթում դեպրեսիվ ախտանշանների նվազում):
Հեղինակները հանգել են այն եզրակացության, որ չնայած մարդիկ չեն կարող անցյալը փոխել, բայց կարող են եղանակներ գտնել անցյալի իրադարձությունների հետ կապված իրենց բացասական ասոցիացիաներից հրաժարվելու համար: Թերապիան կենտրոնանում է մարդկանց մտքերի փոփոխության վրա, որպեսզի փոխեն նրանց զգացումները՝ ուշադրությունը բեւեռելով հիշողությունների վիզուալ, այլ ոչ խոսքային խմբագրման վրա:




























