Ֆրանսիայում գողերը կարողացել են «օրը ցերեկով» մասնավոր առանձնատնից գողանալ 50-կիլոգրամանոց սեյֆը, որի մեջ եղել են արժեքավոր իրեր, եւ ավելի քան 80 հազար մարդու անձնական տվյալներով համակարգիչը, հայտնում է Parisien պարբերականը:
Միջադեպը տեղի է ունեցել Իլ դե Ֆրանս շրջանի Վիլլեն սյուր Սեն կոմունայում:
Քննության տվյալներով՝ չարագործները երեքշաբթի ցերեկը կոմունա են եկել գնացքով: Թիրախը նրանք պատահաբար են ընտրել: Գողերը կոտրել են խոհանոցի պատուհանի ապակիները եւ ներս մտել: Պարբերականի տեղեկացված աղբյուրը հայտնել է, որ կողոպտված առանձնատունը բանուկ փողոցից հեռու է գտնվում՝ «խաղաղ նավահանգստում՝ ջրջապատված Սենայի ջրերով»:
Հաղորդվում է, որ չարագործները տարել են 50-կիլոգրամանոց սեյֆը՝ ընտանեկան զարդերով եւ Rolex ժամացույցներով, 5 iPad պլանշետ եւ համակարգիչ, որի մեջ, տանտիրուհու պնդմամբ, պահվել են լյուքսային ընկերությունների տնօրենների եւ նրանց 77 հազար հաճախորդների անձնական տվյալները:
Հանցագործության վայրից գողերը հեռացել են առանձնատան այգում կայանված MINI Cooper ավտոմեքենայով: Պարբերականը հայտնում է, որ պատճառված վնասը գնահատվում է 100 հազար եվրո: Ֆրանսիայի իրավապահները կատարում են տեղի ունեցածի քննություն:




























