Ես չեմ կարող պարզել, թե ինչ նպատակով են Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները կաշառք վերցրել, քանի որ դա իմ ծառայողական պարտականությունների մեջ չի մտնում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
«Մենք սա համարում ենք մեր համակարգի համար ոչ լավ երեւույթ, բայց նաեւ բազմաթիվ անգամ ասել ենք, որ մենք ինքներս պայքարում ենք կաշառակերության դեմ: Այո, մենք պնդում ենք, որ չկա համակարգային կաշառակերություն, բայց առանձին դեպքերի առումով մենք պայքար ենք մղում»,–հայտնեց նա։
Միաժամանակ, Անանյանը շտապեց նշել, որ կաշառքի համար կալանավորված ՊԵԿ պաշտոնյաները արդեն իսկ նշանակված են եղել մինչ ինքը կնշանակվեր ՊԵԿ նախագահ։ «Իմ պաշտոնավարման ընթացքում կատարվել են ռոտացիոն վերանշանակումներ։ Կաշառքի համար կալանավորված ՊԵԿ պաշտոնյաները մոտ 2 ամիս առաջ են նշանակվել, սակայն նոր մարդիկ չեն՝ ավելի վաղ եղել են համակարգի աշխատակիցներ»,–ասաց Անանյանը՝ հավելելով, որ կան մարդիկ, որոնք ընդհանրապես չեն գիտակցում, թե նոր իրողությունն ինչ է։



























