Հայաստանի Վիճակագրական կոմիտեն վերջերս հրապարակել է այս տարվա սեպտեմբերի նախնական արդյունքները։ Նախ նշենք, որ այդ տեղեկատվության մեջ բերվում են միայն մակրոտնտեսական կարեւորագույն ցուցանիշները։ Ավելի մանրամասն տվյալներ կան ամսական զեկույցներում (այդ թվում՝ եռամսյակային, որոնցում տվյալները մանրամասն են)։ Սեպտեմբերի զեկույցը կհրապարակվի հաջորդ շաբաթ։
Եւ այսպես, հաշվետու ամսում Հայաստանի տնտեսության մեջ հատուկ տեղաշարժեր չեն եղել։ Ամեն դեպքում այդ են վկայում պաշտոնական տվյալները։ Բացառություն են միայն գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի խոշոր կրճատումները՝ մոտ 18 տոկոս՝ տարեկան կտրվածքով։ Հիմնական պատճառը մշակաբույսերի արտադրության անկումն է (ընթացիկ տարում՝ 22,1 տոկոս), ինչին ավելացել է նաեւ անասնաբուծությունը (արտադրանքի ծավալի կրճատում 1,3 տոկոսով)։
Մշակաբույսերի արտադրանքում բացասական երեւույթները կարելի է կապել այս տարի բանջարեղենի եւ կարտոֆիլի ցանքսային տարածքների կրճատումով, իսկ անասնաբուծության մեջ՝ կենդանի անասունների արտահանմամբ։ Մշակաբույսերի արտադրության մեջ հնարավոր են նաեւ խաղողի բերքահավաքի հետ կապված խնդիրներ։
Սակայն ինչն է զարմանալի նախնական տվյալներում՝ երկրում մոտ 1/5-ով (19,8 տոկոսով) աճել է սպասարկումների ֆիզիկական ծավալը։ Ընդ որում՝ դա տեղի է ունենում մանրածախ առեւտրաշրջանառության համեստ թվերի ֆոնին (ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին ֆիզիկական ծավալի աճը ուղիղ 1 տոկոս է)։
Հայտնի է, որ զանգվածային աղքատության պատճառով Հայաստանի բնակիչների 1 հոգուն ընկնող ապրանքների սպառման միջին մակարդակը բավական ցածր է։ Այդ պատճառով բնակչության վճարունակության աճը (եթե այն տեղի ունենար երկրի բնակչության բոլոր խմբերի համար հավասարաչափ) առաջին հերթին կհանգեցներ ապրանքների սպառման մակարդակի բարձրացմանը։
Նյութապես անապահով ընտանիքի համար տարօրինակ կլիներ լրացուցիչ եկամուտը ծախսել, ասենք, զվարճանքների վրա՝ փոխանակ լավացնելու աղքատիկ սննդակարգը։ Միեւնույն ժամանակ, հունվար-օգոստոս ամիսների տվյալներով՝ «մշակույթ, զվարճանքներ եւ հանգիստ» (այդ թվում՝ մոլախաղեր) խմբի սպասարկման ծավալը մեկ տարվա ընթացքում աճել է 35 տոկոսով։ Այժմ սպասարկման ընդհանուր կառուցվածքում նշված խմբի մասնաբաժինը մոտենում է 22 տոկոսի սահմանագծին։ Սակայն հարցը «մշակույթի եւ հանգստի» մեջ չէ, այլ այդ խմբի երրորդ բաղադրիչի։
Քաղաքացիների մի որոշակի խումբ, ուրվական-շահումի հետեւից ընկնելով, լրջորեն տարվել է մոլախաղերով, այդ թվում՝ լայնորեն օգտվելով բուքմեյքերական գրասենյակների ծառայություններից։ Հասկանալի է, որ նույն նյութապես անապահով ընտանիքների համար դա իսկական աղետ է։ Սակայն, արդեն տվյալներ կան, որ իշխանությունները պատրաստվում են կրճատել վերջինների գործունեությունը, իսկ հետո՝ ամբողջովին փակել դրանք։




























