Ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավար, 62-ամյա Ռազմիկ Մարգարյանը կատարել է մի շարք չարաշահումներ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, տեղեկությունների մեջ մտնում է այն, որ Ռ. Մարգարյանը Արմավիրի մարզում գրանցված մի շարք տնտեսվարողների հետ 2017- 2018 թվականների ընթացքում կազմել է ապրանքների ձեռքբերման եւ ծառայությունների մատուցման սուտ պայմանագրեր, որից հետո համայնքի բյուջեից փոխանցել է առանձնապես խոշոր չափերի հասնող գումարներ: Աղբյուրի տեղեկություններով՝ այդ ամենը նա փոխանցել է, իսկ հետո մեծ մասը հետ է ստացել եւ յուրացրել:
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ռ. Մարգարյանը անցյալ տարվա հուլիս-նոյեմբերին իր համայնքի զոհված ազատամարտիկների գերեզմանների վերանորոգման, համայնքի անբարեկարգ փողոցների բարեկարգման աշխատանքների կատարման համար բյուջեով նախատեսված գումարներ հափշտակել, դիտավորությամբ շահադիտական նպատակներով օգտագործել է պաշտոնական դիրքը եւ անձնական այլ շահարգռվածությունից ելնելով՝ ինչ-որ անհատ ձեռներեցի հետ նախնական համաձայնությամբ կեղծ պայմանագրեր է կնքել եւ աշխատանքների ամբողջ ծավալով կատարված լինելու վերաբերյալ կեղծ կատարողական ակտեր է կազմել եւ դրա միջոցով շուրջ 1 մլն 900 հազար դրամ փոխանցել է անհատ ձեռներեցին, իսկ հետո առձեռն հետ է վերցրել 1մլն 700 հազար դրամ գումարը ու այն յուրացրել:




























