Սաուդյան Արաբիան լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությանը մասնակցություն ունեցած բոլորին քրեական հետապնդման կենթարկի երկրի ներսում, հայտնում է AFP-ն:

Նշվում է, որ համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել երկրի ԱԳ նախարար Ադել ալ Ջուբեյրը:

«Ինչ վերաբերում է արտահանձնմանը (կասկածյալների), ապա նրանք Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ են: Նրանց կալանավորել են Սաուդյան Արաբիայում, քննությունը վարվում է Սաուդյան Արաբիայում, եւ նրանք կհետապնդվեն նույն այս երկրում»,- ասել է ալ Ջուբեյրը:

Նա հավելել է, որ քննության շրջանակում բոլոր անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկելուց հետո Էր Ռիադը մեխանիզմներ կապահովի, «որոնք թույլ չեն տա, որ նման բան կրկնվի»:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանում ելույթ ունենալիս առաջարկել էր Ստամբուլում դատել Խաշոգջիի սպանության մեղավորներին:

Ստամբուլի գլխավոր դատախազությունը նաեւ Սաուդյան Արաբիային ուղղված հարցում էր պատրաստել 18 քաղաքացիներին արտահանձնելու մասին, որոնք կապ ունեին Խաշոգջիի սպանությանը: