Խնդրում եմ, անհարկի չշահարկել իմ հետ կատարված միջադեպը։ Այս մասին սոցցանցում գրել է բժիշկ Հայկ Հովհաննիսյանը՝ արձագանքելով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ ասուլիսում հնչեցրած այն հայտարարությանը, թե հեղափոխության օրերին, երբ բժշկի ծեծի ենթարկեցին Մարդու իրավունքների պաշտպանն ու մյուս պատասխանատու մարմինները նույնքան օպերատիվություն չցուցաբերեցին, ինչպես Հոգեկան առողջության ազգային կենտրոնի արդեն նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանի միջադեպի հետ կապված։
«Տեղեկացա, որ ԱՆ նախարար Արսեն Թորոսյանն այսօր իր ասուլիսում նշել է, որ ապրիլյան օրերին իմ հետ արձանագրված միջադեպը որևէ արձագանք չի ստացել ԵՊԲՀ ղեկավարության կողմից: Տեղեկացնեմ, որ դեպքից անմիջապես 5 րոպե հետո, երբ ես հիվանդանոցում էի, ինձ մոտ է եկել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և բուհի ողջ ղեկավարությունը:
Նույն պահին ղեկավարության կողմից հրապարակայնորեն խստորեն դատապարտվեց իմ հետ գրանցված միջադեպը և անմիջապես պատկան մարմինները տեղեկացվեցին կատարվածի մասին, որից հետո 1 ժամվա ընթացքում ոստիկանության ղեկավարությունից այցելեցին ինձ և հրապարակային ներողություն խնդրեցին կատարվածի համար: Նշեմ նաև, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ևս այցելեց ինձ հենց նույն օրը: Դատապարտեց միջադեպը և իր աջակցությունը հայտնեց: Խնդրում եմ, անհարկի չշահարկել իմ հետ կատարված միջադեպը»,– գրել է Հայկ Հովհաննիսյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 26-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Հոգեկան առողջության ազգային կենտրոն չհայտարարված այցի ընթացքում բացահայտել է կոնկրետ անձի առանց հիմքերի, այսինքն՝ անօրինական, հոգեբուժարանում պահելու դեպք։ Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքումից հետո հոգեբուժարանից անձը ազատ է արձակվել։ Հայտարարությունից հետո կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանը զանգահարել է Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին եւ վրդովված փորձել է ներկայացնել իր պահանջներն ու դժգոհությունը, մասնավորապես, պնդել է, թե Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները պետք է բացահայտված դեպքի մասին հայտարարությունը համաձայնեցնեին իր հետ, սպառնացել է, որ քայլեր կձեռնարկի պաշտպանի աշխատակազմին պատասխանատվության ենթարկելու համար: ՄԻՊ գրասենյակը հիշեցրել է, որ իր ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, այդ թվում՝ նրա գործունեությանը ցանկացած ձեւով միջամտելն առաջացնում է քրեական պատասխանատվություն:
Այսօր Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ այս դեպքի առնչությամբ որոշում է կայացվել Նարեկ Վանեսյանին ազատել պաշտոնից։



























