Հայաստանում ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունը ԱՄՆ ներկայիս վարչակազմի վարքագծի տիպական ոճն է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՌԴ Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը։
Փորձագետի կարծիքով՝ Վաշինգտոնի քաղաքական ընտրախավը միայն մեկ ցանկություն ունի՝ շահույթ ստանալ։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործում է ինչպես շահույթ ստանալու ցանկություն ունեցող բիզնեսմեն։ Այսինքն, Թրամփը ինչպես եղել է բիզնեսմեն, այդպես էլ մնացել է՝ նույնիսկ նախագահ դառնալով։ Նա ուղղակի ուզում է, որ Ամերիկայում գործող ընկերությունները լրացուցիչ փողեր ստանան եւ, համապատասխանաբար, նա մրցակիցներին ճնշելու համար օգտագործում է բոլոր հասանելի միջոցները։ Իսկ տվյալ պահին գլխավոր մրցակիցը Ռուսաստանն է»,- պարզաբանեց Խրամչիխինը։
Ընդ որում, նա նշեց, որ եթե Հայաստանը, այնուամենայնիվ, որոշի մտերմանալ ԱՄՆ-ի հետ եւ որոշի ամերիկյան սպառազինություն գնել՝ դրանով իսկ իր ռուս գործընկերներին դուրս մղելով այդ շուկայից, դա կարող է դուր չգալ Կրեմլին եւ «վիրավորանքի» պատճառ դառնալ։ «Ես չգիտեմ, թե ինչ դրամատիկ հետեւանքների դա կարող է հանգեցնել։ Հնարավոր է՝ ոչ մի։ Թեեւ Վրաստանի եւ Ուկրաինայի օրինակները ցույց են տալիս, որ Ռուսաստանի դեմ Ամերիկայի հետ բարեկամությունը տխուր հետեւանքներ է ունենում»,- ընդգծեց ռազմական փորձագետը։
Խրամչիխինը նաեւ ուշադրություն դարձրեց նրան, որ ամերիկյան սպառազինությունը որոշակի դեպքերում իրոք գերազանցում է ռուսականին, սակայն դա, որպես օրենք, ժամանակակից սպառազինություն է եւ բոլորովին էլ էժան չի։ Փորձագետը նշեց, որ Հայաստանի ռազմական բյուջեն հաստատ չի ձգի նման էական ծախսերի։
«Ուկրաինայում այժմ նույն իրավիճակն է, եւ դա այն դեպքում, որ նրա ռազմական բյուջեն հայկականից շատ է, բայց նա եւս նույն երկընտրանքի առջեւ է։ Այսինքն, կամ էժան ամերիկյան մետաղի ջարդոն պետք է գնել, որը ռուսականից ոչնչով լավը չէ, բայց թանկ արժի, կամ գնել նորագույն սպառազինություն, բայց արդեն շատ թանկ գնով, եւ անգամ ողջ պետական բյուջեն չի բավարարի դրա համար»,- ասաց նա։
Ռազմական փորձագետը նաեւ նկատեց, որ միջոցներ չունենալու պատճառով Հայաստանը ամերիկյան սպառազինություն ձեռք բերելու համար պետք է քաղաքական որոշ զիջումներ անի, սակայն անգամ այդ դեպքում չկա որեւէ երաշխիք, որ նրան, ինչպես Ուկրաինային, չեն սկսի մատակարարել սառը պատերազմի ժամանակներից մնացած սպառազինության հնացած տեսակներ։
Ընդ որում, Խրամչիխինի խոսքերով, ամերիկյան սպառազինության ծախսերը շատ էական կլինեն, քանի որ անհարաժեշտ կլինի սովորեցնել զինվորականներին, իսկ «նոր» զենքի մասերը Երեւանը ստիպված կլինի գնել եւ ներկրել ԱՄՆ-ից, ինչը իր համար լրացուցիչ խնդիրներ եւ այդ շուկայում նոր մենաշնորհ կստեղծի։ Դա ոչ միայն չի կրճատի ռուսական մատակարարումներից Հայաստանաի կախվածությունը, այլեւ նոր կախվածություն կառաջացնի։
Այդ ամենը, ըստ մեր զրուցակցի, լուրջ դժվարություններ կստեղծի լոգիստիկայի եւ ռուսական զենքերը ամերիկյանի հետ համադրելու տեսակետից, ասենք, ռազմական գործողությունների ժամանակ, եթե դրա անհրաժեշտությունը հանկարծ զգացվի։
Հիշեցնենք, որ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերի 24-ին ժամանել էր Հայաստան եւ մի շարք աննախադեպ հայտարարություններ էր արել։ Այսպես, Բոլթոնը հայտարարել էր, որ ամերիկյան սպառազինությունը գերազանցում է ռուսականին, եւ որ Վաշինգտոնը պատրաստ է դիտարկել դրա մատակարարումը Երեւանին։



























