Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, թեեւ անցկացվելու են «ռեյտինգային» ընտրակարգի պահպանմամբ, բայց նախկին «ռեյտինգայինն» այլեւս կենսունակ չէ։ Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը։

«Հավատացնում եմ, որ նախկին «ռեյտինգայինում» եղած պայմանների համար բացարձակ որեւէ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ նախադրյալներ գոյություն չունեն, որովհետեւ դա եղել է վարչական, ֆինանսական ռեսուրսի, ինչ–որ տեղ նաեւ զոռբայության, նախորդ ոչ բարի ավանդույթների հաշվին. այսինքն՝ ՀՀԿ–ն պետք է լինի իշխանություն, որ դա գործի, այսօր այդ պայմանները չեն գործելու»,–ասաց Միքայել Մելքումյանը։

Գործող Ընտրական օրենսգրքով ընտրությունների գնալու՝ ԲՀԿ քայլերի մասին խոսելը պարգամավորը վաղ է համարում. «Մի փոքր ժամանակ է պետք, որպեսզի Ընտրական նոր օրենսգիրքը չանցնելուց հետո տեսնենք՝ ով ում բարեկամն է»։

Միգուցե իրենց կուսակցությունում ունեն մարդիկ, որոնց հեղինակությունը տեղերում բարձր է եւ միգուցե ԲՀԿ–ի համար մի փոքր ավելի շահեկան է ռեյտինգային ընտրակարգի պահպանմամբ գնալ արտահերթ ընտրությունների, ասաց նա, բայց բացառիկ շանս կար քաղաքական համակարգը արդիականացնելու, այնինչ մնաց բարի համբավ չունեցող «ռեյտինգայինը»։

«ՀՀԿ–ն ավելորդ եւ ուշացած ճիգեր գործադրեց, որ «ռեյտինգայինը» պահպանելու դեպքում, իբր, կարող է ավելի շահեկան վիճակում հայտնվել»,–նշեց Միքայել Մելքումյանը։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորը չի բացառում, որ ինքն էլ «ռեյտինգային» ընտրակարգով առաջադրվի։

Իրենց թեկնածուները տեղերում հայտնի մարդիկ են. «Բացարձակ դեֆիցիտ չունենք ռեյտինգային թեկնածուների»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։