Երեւանում ճանապարհային ոստիկանները գերծանրաբեռնված են աշխատում, քանի որ ավելացել են վթարների քանակը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարորդների իրավունքների պաշտպան, փաստաբան Արտակ Խաչատրյանը:

«ՃՈ-ում չեն ավելացնում աշխատակիցների քանակը, մարդիկ ծանրաբեռնված աշխատում են, վթար են սպասարկում: Վթարների քանակով ռեկորդ ենք խփում, հասնում ենք Մոսկվային»,-ասաց նա:

Խաչատրյանի խոսքով՝ վթարների ավելացման պատճառը ոչ միայն Հայաստան բերվող ավտոմեքենաների քանակի աճն է, այլեւ երթեւեկությունը չկանոնակարգելը:

«Խնդիրն այն է, որ ՃՈ-ն չադապտացվեց, գլուխ չհանեց նոր իրավիճակում ինչ  ռազմավարություն վարի. մի մասը կողմ է խստացումներին, մյուսն՝ ազատականացմանը: ՃՈ-ն ոչ համարձակ է գործում, բայց վերջիվերջո վթարների ավելացման պատասխանատուն նա է»,-ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ ներկայումս  ապահովագրական ընկերություններոը հրաժարվում են Երեւանում վարորդների հետ պայմանագրեր կնքել, քանի որ վնասաբերությունը մեծ է:

«Խնդիրը երթեւեկությունը կանոնակարգելն է, պետք է նորարարություններ մտցնեն, գիշերային ժամերին փոխեն լուսացույցների ռեժիմները եւ այլն»,-ասաց նա: