Այս տարի շատ ավելի շատ դատապարտյալ է ներկայացվել քաղաքացիական հիվանդանոցներում բուժման, քան նախորդ տարիներին, այն դեպքում, երբ դատապարտյալների քանակը կրկնակի պակաս է, քան նախորդ տարիներին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31–ին, խորհրդարանում Համաներման մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց հիմնական զեկուցող, արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:
Նրա խոսքով, այս ոլորտում դեռ շատ անելիքներ կան, պետք է բարելավել առողջապահական վիճակը ՔԿՀ-ներում. «Դրա համար պետք է համապատասխանեցնել բժիշկների վարձատրության չափը, որ անհրապույր չլինի ՔԿՀ-ում բժիշկ աշխատելը: Այս ոլորտում կառուցաքակարգային փոփոխություններ են նախապատրաստվում, որպեսզի ապահովվի այդ ծառայությունների անկախությունն ու որակը»,-ասաց Զեյնալյանը:
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը կոչ արեց բյուջեի քննարկումների ժամանակ ավելացնել ՔԿՀ-ներում առողջապահական ծախսերը, ինչին Արտակ Զեյնալյանն արձագանքեց. «Ինչ վերաբերում է բյուջեի ավելացմանը, բյուջեն բոլորինս է: Պետք է այնպես բաշխենք, որ բյուջեն գնալով ավելանա, ոչ թե անընդհատ պարտք վերցնենք»:




























