ՄԱԿ–ի զարգացման ծրագրի «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շնորհիվ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների համար զարգացման նոր հեռանկարներ են հայտնվել։
Դիտավան գյուղում, երկու գյուղատնտես միացրել են իրենց հողատարածքներն ու ընդհանուր 2.2 հեկտարի վրա հիմնել արքայանարնջի այգի՝ 885 տնկիներով: Առաջին բերքը սպասվում է երեք տարուց: Յուրաքանչյուր ծառ կարող է միջինում տալ 10 կգ միրգ՝ ամեն սեզոնին:
Դիտավան գյուղական համայնքի ղեկավար Հակոբ Սարիբեկյանի խոսքով՝ արդեն 7 տարի անց արքայախնձորի ամեն ծառը կարող է մինչեւ 100 կգ բերք տալ. «Մենք նախատեսում ենք արքայանարինջ արտահանել Ռուսաստան ինչպես թարմ, այնպես էլ չորացրած վիճակում»,–տեղեկացրեց նա՝ հավելելով, որ ծրագրի շրջանակներում ընտանիքներից մեկին արհեստական չորանոց է տրամադրվել։
Սարիբեկյանը նկատեց, որ մերձարեւադարձային կլիման Տավուշի նշանակալի առավելությունն է հանրապետության մյուս շրջանների նկատմամբ. «Այստեղ լավ են աճում արքայանարինջ, թուզ եւ ընկույզ։ Այսպես, Դիտավանում կա արքայանարնջի ծառ, որը 80 տարեկան է»,–պատմեց համայնքի ղեկավարը։
Ջրախնայող (կաթիլային) ոռոգման համակարգի ներդրումը թույլ է տվել նշանակալիորեն կրճատել գյուղացիների ծախսերը՝ ոռոգման ջրի համար։ Այսպես, եթե նախկինում այս այգու տարածքը ոռոգելու համար գյուղացիները վճարում էին շուրջ 13 հազար դրամ, ապա այսօր ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ այդ գումարը կազմում է 800 դրամ։
Սարիբեկյանը նկատեց, որ ՄԱԶԾ «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակում 2018 թվականին տնկել են Chandler տեսակի ընկուզենիներ: Գյուղացիները մեծ բերք են ակնկալում մեկ հեկտարից, Սարիբեկյանի խոսքով, կարելի կլինի 8-10 տոննա ընկույզ հավաքել. «Այս տարի տնկիները մի քանի պտուղ էին տվել, մենք դրանցից մուրաբա պատրաստեցինք»,–ասաց նա։
Ծրագիրն օգնել է 26 շահառուի հիմնելու ավելի քան 40 հա նոր մրգատու այգի՝ ներդնելով նոր պտղատեսակներ՝ հոնենի, տխլենի, նռնենի և նեկտարինի: Ընդհանուր առմամբ, հիմնվել է 3,4 հա ընկուզենու և 1,6 հա հոնենու այգի: Ավելին, ծրագրի շրջանակում այգիները ցանկապատվել են:
Ընդհանուր առմամբ, ջրախնայող (կաթիլային) ոռոգման 33.4 հա համակարգ է կառուցվել։ Բոլոր շահառուները սեփական միջոցներից 20 տոկոս են ներդնում որպես համաֆինանսավորում: Դա ծրագրի պահանջներից է:
Սարիբեկյանը հայտնեց, որ 2019 թվականին տուրիստական սեզոնին Դիտավանում նախատեսում են նաեւ հյուրատուն, հացի խանութ եւ ռեստորան բացել։ Հետաքրքրական է, որ սա առաջին համայնքային նախագիծն է Տավուշի տարածքում, որը թույլ կտա Դիտավանին ստանալ եկամուտ եւ ուղղել արդիական հարցերի լուծմանը. «Դիտավանում մանկապարտեզ չկա, մենք նախատեսում ենք բացել հյուրատան աշխատանքից ստացված միջոցները»,–հայտնեց նա։
Հյուրատան կարիքների համար երկհարկանի շենք է տրամադրվել, որը լրջորեն վնասվել էր ղարաբաղյան պատերազմի տարիներին եւ արդեն 15 տարի չի շահագործվում։ Արդեն հայտարարվել է տենդեռ համապատասխան շինարարական աշխատանքների իրականացման համար, ընդ որում աշխատուժի 30 տոկոսը համայնքն է տրամադրում. «Մենք մեծ ակնկալիքներ ունենք այս նախագծից, քանի որ դրա շնորհիվ համայնքի բնակիչները կաշախատեն ծառայությունների ոլորտում»,–հավելեց Սարիբեկյանը։
«Գյուղական շրջանների զարգացման համալիր աջակցություն. Կայուն համայնքների ստեղծում» հնգամյա ծրագրի բյուջեն 5 մլն դոլար է։ Ծրագիրը մեկնարկել է 2015 թվականին, ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում է ՄԱԿ—ի զարգացման ծրագրի կողմից ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հետ սերտ համագործակցությամբ։



























