ՄԱԿ-ի «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագիրը երիտասարդ Դավիթ Եգանյանին օգնել է մնալ հայրենի Սարիգյուղ համայնքում եւ հիմնել հացաբուլկեղենի արտադրամաս

Դավիթ Եգանյանն անկեղծորեն ասում է, որ իր ապագայի մասին սկսել է մտածել բանակում ծառայելիս: «Սարիգյուղում փուռ չկար, եւ ես որոշեցի հացաբուլկեղենի արտադրանք թխելու փոքր բիզնես հիմնել»,- պատմում է նա: ՄԱԿ-ի «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի աջակցությամբ նախագիծն իրականություն է դարձել: Ծրագիրն արտադրամասն ապահովել է բոլոր անհրաժեշտ պարագաներով ու սարքավորումներով: Եգանյանները բիզնեսը համաֆինանսավորել են բյուջեի 20 տոկոսի չափով: 

Ամեն օր թխում են մինչև 300 հատ հաց և 600 հատ բուլկի: Արտադրամասը հայտնի է ոչ միայն համեղ հացով, այլև ֆիրմային՝ ծաղկի տեսքով բուլկիով: «Բոլորը փորձում են բացահայտել գաղտնիքը, թե ինչպես է մեզ հաջողվում բուլկիին այդ ձեւը տալ, սակայն ապարդյուն»,- ժպտում է Եգանյանը: Երիտասարդն արդեն արտադրությունն ընդլայնելու եւ ավանդական «քարի հաց» թխելու ծրագրեր ունի:

Փռի արտադրանքը հասանելի է ոչ միայն Սարիգյուղի բնակիչների, այլեւ հարեւան համայնքների համար: Ի դեպ, քանի որ բիզնեսն ընդլայնվում է՝ «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագիրը արտադրամասի համար ձեռք է բերել հատուկ մասնագիտացված մեքենա հացը բոլոր հիգիենիկ պայմաններին համապատասխան առաքելու համար:  Դրանից բացի, Եգանյանն իրավունք կունենա մասնակցելու  մարզում դպրոցական սննդի կազմակերպման բաց մրցույթներին:

Ծրագրի հաջող իրականացման ևս մեկ ադյունք է Տավուշի գյուղական համայնքների գյուղատնտեսական սարքավորումների բարելավումը: Ծրագիրը Խաշթառակի եւ Լուսահովիտի համայնքների խմբին մեկ կոմբայն եւ մեկ թրթուրավոր տրակտոր է տրամադրել: Ստեղծվել է նաեւ «ԱԿՈՒԹ» հիմնադրամը, որը պետք է կառավարի մեքենաները, ինչպես նաեւ համայնքի զարգացման տարբեր միջոցառումներ նախաձեռնի: Հիմնադրամը ծրագիրը համաֆինանսավորում է 20 տոկոսով:   

Համայնքի բնակիչ Էդիկ Վանեսյանը ընդգծում է նախագծի կարեւորությունը. «Նախկինում ստիպված էինք սպասել, մինչեւ մյուս գյուղերը, որտեղ կոմբայն կար, հունձքն ավարտեին: Միայն դրանից հետո էր մեզ հերթ հասնում, ինչը բացասաբար էր անդրադառնում բերքի որակի վրա (այն, օրինակ, կարող էր մնալ անձրեւի տակ): Իսկ հիմա նոր տեխնիկայի շնորհիվ մենք կարող ենք հունձքը ժամանակին կատարել, ընդ որում՝ ավելի ձեռնտու գնով»:

Ընդհանուր առմամբ, նախագիծն օգնել է համայնքների երեք խմբերի ստեղծելու գյուղմեքենաների միավորում, ընդ որում՝ յուրաքանչյուրն ունի մեկ կոմբայն եւ մեկ թրթուրավոր տրակտոր: Արդյունքում մշակովի հողատարածքները գրեթե կրկնակի ավելացել են, իսկ բերքի կորուստը նվազել է 25 տոկոսով:

«Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» հնգամյա ծրագրի բյուջեն 5 մլն դոլար է։ Ծրագիրը մեկնարկել է 2015 թվականին, ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից եւ իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հետ սերտ համագործակցությամբ։

ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի փոխտնօրեն Սերգեյ Կոնոնուչենկոն խոստովանում է, որ տպավորված է ծրագրի իրականացման արդյունքներով: «Սա կարեւոր ավանդ է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ համագործակցության ամրապնդման մեջ»,- նշել է նա: «Երբ որոշում էր ընդունվում կոնկրետ նախագծերի իրականացման մեկնարկի եւ միջոցներ տրամադրելու մասին, առաջին հերթին Տավուշի զարգացմանը նպաստելու որոշում ընդունվեց: Դա իսկապես իրական ազդեցություն կունենա այս մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ամրապնդման մեջ»,- հավելել է Կոնոնուչենկոն:

«Մենք մտադիր ենք հետագայում եւս Հայաստանում ծրագրեր իրականացնելիս զարգացնել ՄԱԿ ծրագրի հետ համագործակցությունը, ընդ որում՝ այդ ծրագրերը վերաբերում են երկրի տնտեսության եւ կենսագործունեության տարբեր ոլորտների: Սա ե՛ւ տուրիզմի զարգացումն է, ե՛ւ անտառային հրդեհների դեմ պայքարը»,- տեղեկացրեց նա: