10 տարի ՀՀ-ում քննարկվում է փոքր ՀԷկ-երի խնդիրը. փոքր ՀԷԿ-երը դարձել են չարաշահումների հսկա տիրույթ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, կառավարությունը ստուգումներ է իրականացրել 188 փոքր ՀԷԿ-երից 150-ում, եւ դրանց 95 տոկոսում ջրաչափ տեղադրված չէ:
«Սա խայտառակ երեւույթ է: Բացի դրանից, այդ ՀԷԿ-երում տեղադրված են այնպիսի գեներատորներ, որոնք չեն համապատասխանում լիցենզիայի պահանջներին: Այսինքն վերցվում է ավելի շատ ջուր ավելի հզոր գեներատոր օգտագործելու համար, որը ոչ միայն ջրային բալանսի խախտման է բերում, այլեւ պետական եկամուտների կորստի: Հիմա պետք է աշխատենք բաց թողնված եկամուտը վերականգնելու ուղղությամբ»,-ընդգծեց նա:
Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց. «Մենք չպետք է այս առիթն օգտագործելով գնանք սեփականության վերաբաշխման, էս մեկից վերցնենք էն մեկին տանք, ուրիշի հորեղբոր որդուց խլենք, մեր հորեղբոր որդուն տանք: Սեփականության վերաբաշխում ՀՀ-ում չկա ու չի լինելու, բայց ժողովրդի շահերը պետք է վերականգնենք»:



























