ՀՀ արտաքին գործերի նախարարը իմ հանձնարարությամբ զբաղվում է 2008 թվականին աշխատանքից ազատված դիվանագետների խնդրով։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ–ում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին այն մասին, թե 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո 10 դիվանագետներ, փոխնախարարներ, դեսպաններ, ԱԳՆ վարչության պետեր հայտնեցին իրենց աջակցությունը ժողովրդական շարժմանը, ինչի արդյունքում զրկվեցին աշխատանքից, այսօր ժամանակն չէ՞ այդ մարդկանց իրավունքները վերականգնելու համար, որպեսզի դիվանագիտությամբ մեր երկրում զբաղվեն դիվանագետները, ոչ թե բիզնեսմենները, որոնք դիվանագիտության հետ ոչ մի կապ չունեն։
«Այս կապակցությամբ ես հանձնարարական եմ տվել ԱԳ նախարարին եւ դուք գիտեք, որ այդ մարդկանցից Արմեն Բայբությանը արդեն իսկ նշանակվել է Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոս։ ԱԳ նախարարն իմ հանձնարարությամբ զբաղվում է այդ խնդրով, որպեսզի այնտեղ, որտեղ առնչվում ենք արդարության վերականգնման հետ, արդարությունը վերականգնվի»,–նշեց Փաշինյանը։



























