ԵՏՄ–ն բավականին մեծ տարածք է, որ կարողանա դիմակայել արտաքին շոկերին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1–ին, խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին։

Պատգամավորը Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց, որ Դոու ջոնսի ինդեքսով Հայաստանը վերջին օրերին ունեցել է դոլարի կտրուկ ամրապնդում հումքային արժույթի նկատմամբ, հատկապես նավթի գների անկման իմաստով. «Այս պահին ունենք 75–ին հասնող գին, կանխատեսումները հանգում են դրան, որ մոտավորապես 1-2 շաբաթը մեկ կտրվածքով ունենալու ենք մոտ 5 միավորով անկում, ընդհուպ մինչեւ 2019թ.–ի կեսերը, այսինքն 60, 61 եւ ավելի ցածր գնի է հասնելու։ «Բրենտ» տեսակի նավթն արդեն ռեկորդային 13 տոկոս անկում է ունեցել, սա նշանակում է՝ ԵՏՄ–ի տնտեսության վրա լուրջ հարված է լինելու, ի՞նչ ենք անելու»։

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նշեց, որ ինքն այլ միտում կցանկանար ընդգծել. «Ուզում ենք, որ տեխնոլոգիական արտադրություն լինի Հայաստանում եւ արդեն իսկ մի քանի նախագծեր կան Հայաստանում արեւային պանելների արտադրության համար։ Մի օրինակ բերեմ տրանսֆերների մասով. վերջին շրջանում ԵՏՄ–ի շրջանում ցնցումներ արձանագրվեցին, բայց վերջին ամսում ունեցել ենք տրանսֆերների աճ 12 մլն դոլարի չափով, ինչը նշանակում է՝ ԵՏՄ–ի տարածքը կարող է արտաքին շոկերին դիմակայելու գործիքներ գտնել»։