Շրջանառության հարկի վերաբերյալ օրենսդրությունը վերջին տարիներին ստվերը խթանած ամենակարևոր գործոնն է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1–ին ԱԺ–ում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Պատասխանելով ՀՀԿ–ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի՝ ստվերի դեմ պայքարի վերաբերյալ հարցին, Փաշինյանն ասաց.
«Ես ժամանակին, որպես պատգամավոր կողմ եմ քվեարկել «Շրջանառության հարկի մասին» օրենքի նախագծին, մենք բոլորս կողմ ենք եղել այն կանխավարկածին, որ շրջանառության հարկի ներդրումը խթանելու է տնտեսությունը և աջակցելու է փոքր և միջին բիզնեսին։ Սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդ օրենքը չի աջակցել փոքր և միջին բիզնեսին, փոխարենը աջակցել է ստվերի մեծացմանը»։
Փաշինյանի խոսքով՝ պետք է գնահատման և կանխատեսման պատշաճ համակարգ ունենալ։
«Ցավոք, մեր պետական համակարգում կանխատեսման փորձաքննության մեխանիզմները պատշաճ մակարդակում չեն գտնվում, չնայած մեր պետական կառավարման համակարգում մեծ թվով մարդիկ են աշխատում և պետական կառավարման համակարգը ուռճացված է»,–ասաց նա։
Անդրադառնալով 2019թ. բյուջեի նախագծին, Փաշինյանն ասաց.
«Այս բյուջեն իներցիոն է, հիմնվում է նախկինում եկած կանխատեսումների վրա, մյուս կողմից խնդիր ունենք կանխատեսել նոր իրողությունները։ Հույս ունենք բյուջեի քննարկման ընթացքում մենք այդ հարցերը կհստակեցնենք»,–ասաց նա։
Վարչապետի պաշտոնակատարը նկատեց, որ 2019թ. բյուջեի տրամաբանության մեջ որոշակի հակասություններ կլինեն, քանի որ տարվա կեսը եղել է մի կառավարություն, իսկ մյուս կեսը՝ այլ կառավարություն, և այդ երկու կառավարությունները հակադիր տրամաբանության մեջ են գործել»։



























