2019 թվականին ՀՀ Կենտրոնական բանկի ծախսերը նախատեսվել են 7,229 մլրդ դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է մեկ տոկոսով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում 2019 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ նշեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
Նրա խոսքով, ԿԲ ապարատի ծախսերի համար նախատեսվել է 7 մլրդ 9 մլն դրամ, որից աշխատավարձին կհատկացվի 6 մլրդ դրամ (1 տոկոսով պակաս):
«Անձնակազմի վերապատրաստման ծախսերը մնացել են նախորդ տարվա ցուցանիշների չափ՝ 434 մլն դրամ: ԿԲ ծառայողական մեքենաների շահագործման ծախսերը նախատեսվել են 74 մլն դրամ՝ 32 ավտոմեքենայի հաշվարկով: Այդ 32 մեքենաների մեջ մտնում են նաեւ ավտոբուսներ, մինիբասեր եւ մարդատար մեքենաներ»,-ընդգծեց Ջավադյանը:
Ինչ վերաբերում է կապիտալ ներդրումներին, ԿԲ նախագահը նշեց, որ ԿԲ-ն նախատեսում է 2019 թվականին իրականացնել 14,3 մլրդ դրամի կապիտալ ներդրում, ինչը 2018-ի 47 տոկոսն է կազմում: «Նախատեսվում է, որ 12 մլրդ դրամ ԿԲ-ն ներդրում կանի «Ազգային հիփոթեքային ընկերությունում» եւ «Բնակարան երիտասարդներին» ունիվերսալ վարկային կազմակերպությունների կապիտալում»,-ասաց նա:



























