Երեւան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում երթեւեկությունը կաթվածահար է եղել. գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, դեպի Երեւան իջնող ճանապարհահատվածը փակել են եւ պատճառաբանում են, որ երկար ժամանակ է՝ գյուղում տեղի են ունենում անասնագողության դեպքեր, սակայն ոստիկանությունը մինչեւ այսօր չի հայտնաբերել անասնագողերին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություն է վարում ոստիկանության Նաիրիի բաժնի պետի տեղակալը, սակայն բնակիչներն ասում են, որ ճանապարհը կբացենք այն ժամանակ, մինչեւ հայտնաբերվեն անասնագողերը։
Նշված հատվածում երթեւեկությունը փորձում են կարգավորել Ճանապարհային Ոստիկանության աշխատակիցները:
Գյուղացիներն ասում էին նաեւ, որ վերջին անասնագողության դեպքը տեղի է ունեցել երեկ, եւ գողը կամ գողերը տարել են 5 խոշոր եղջերավոր անասուն, ու ամեն մի խոշոր եղջերավոր անասունը կարժենար 400-450 հազար դրամ։




























