Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների թույլ տված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործով վերականգնվել է ավելի քան 430 մլն դրամ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։
Նշենք, որ ՀՀ տարբեր մարզերում և Երևանում գործող մի շարք ընկերություններ, Տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից ստացած լիցենզիայի հիման վրա, իրականացրել են տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն, որի ընթացքում առերևույթ թույլ են տրվել չարաշահումներ՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։ Նշված դեպքերի առթիվ հարուցվել է 28 քրեական գործ։
«Այս ոլորտում առերեւույթ չարաշահումների աշխարհագրությունը շատ ընդարձակ է․ գրեթե բոլոր մարզերում ունենք հարուցված քրեական գործեր, որոնցով քննություն է տարվում՝ պետությանը պատճառված իրական վնասի ծավալները պարզելու, դրանց կատարմանն առնչություն ունեցած անձանց շրջանակը հստակեցնելու ուղղությամբ։ Քննության առաջնային նպատակներից է նաեւ պատճառված վնասի վերականգնումը եւ այդ ուղղությամբ իրականացված հետեւողական աշխատանքի արդյունքում միայն Երեւան քաղաքում պատճառված վնասի վերականգնումը կազմում է 430.128.600 դրամ»,- ասաց Սոնա Տռուզյանը՝ նշելով, որ վերականգնումներ կան նաեւ մարզերում եւ առաջիկայում կհրապարակվեն ամփոփ տվյալներ։





























