ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը այդպես էլ չի կարողացել միանշանակ պատասխան տալ հարցին, թե ում հաշվին է կազմակերպվել մամուլի ասուլիսը։
Նախարարի պաշտոնակատարը մամուլի ասուլիսը որոշել է անցկացնել Երեւանի ամենաթանկարժեք հյուրանոցում՝ The Alexander Hotel–ում, որը երեւանցիների շրջանում ավելի հայտնի է որպես մի տեղ, որտեղ Հայաստան այցի ժամանակ բնակվել էր բրիտանացի հայտնի երգիչ Էլթոն Ջոնը։
Սկզբում Արշակյանը հավաստիացրեց, որ այդ հյուրանոցում ասուլիս կազմակերպելու հարցում ընկերներն են իրեն օգնել, ապա հայտարարեց, որ վճարել է սեփական գրպանից. «Ամեն դեպքում, այս մամուլի ասուլիսը պետական միջոցների հաշվին չի անցկացվում»,–հայտարարեց նա։
Միաժամանակ, նա հավաստիացրեց, որ մամուլի ասուլիսը այդ հյուրանոցում անցկացնելը պայմանավորված է եղել տեխնիկական պատճառներով, իսկ դահլիճի համար վճարել է 80 հազար դրամ։
Նկատենք, որ մամուլի ասուլիսը այդ թանկարժեք հյուրանոցում անցկացնելու՝ նախարարի պաշտոնակատարի որոշումը առաջ է բերել հանրության ոչ միանշանակ արձագանքը՝ հատկապես, եթե հիշենք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ պաշտոնյաները պետք է ավելի համեստ վարքագիծ դրսեւորեն։




























