Բելոռուս օգտատերերին, ովքեր մեկնաբանություններ են թողնում համացանցում, հեռախոսահամարով կնույնականացնեն։ Այս մասին ասել է տեղեկատվության նախարար Ալեքսանդր Կարլյուկեւիչը՝ տեղեկացնում է Tut.by-ը։
Նա նաեւ հավելել է, որ ոչ ոք չի արգելում քաղաքացիներին իրենց տեսակետն արտահայտել, սակայն այն չպետք է հակասի երկրի օրենքներին։ «Օրենքները պետք է տարածվեն նաեւ մեր կյանքի այն մասի վրա, որը վիրտուալ է»,- ասել է նա։
Նախարարը հղում է կատարել ԶԼՄ-ների մասին պետական օրենքի փոփոխություններին, որոնք ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 1-ից։ Ըստ դրանց՝ կայքի սեփականատերը պետք է հավաքի, մշակի, պահպանի եւ իշխանությունների հարցման դեպքում նրանց ներկայացնի օգտատիրոջ տվյալները՝ անուն, ծննդավայր, էլեկտրոնային փոստի հասցե, նյութի հրապարակման ամսաթիվն ու վայրը։ Փոփոխությունները նաեւ ենթադրում են ֆորումներում մեկնաբանողների պարտադիր նույնականացումը։ Տեղեկատվության հարցում կարող է կատարել դատախազությունը, քննչական ու հարկային մարմինները եւ դատարանները։




























