Փարիզում աճուրդում Էյֆելյան աշտարակի աստիճանի մի մասը վաճառվել է 169 հազար եվրոյով, լոտի նոր տերն է դարձել Մերձավոր Արեւելքից հավաքորդ, որը չի ներկայացել, հայտնում է BFMTV-ն:

Աճուրդը տեղի է ունեցել երեքշաբթի՝ նոյեմբերի 27-ին, Փարիզի Artcurial աճուրդի տանը:

Վաճառված հատվածի բարձրությունը կազմում է 4,3 մետր, քաշը՝ 900 կգ: 1889 թվականի գալարաձեւ աստիճանի այս հատվածը միացրել է Էյֆելյան աշտարակի երկրորդ եւ երրորդ հարկերը:

Լոտի մեկնարկային գինն էր 40-ից մինչեւ 50 հազար եվրո: Մերձավոր Արեւելքից հավաքորդը այն ձեռք է բերել սակարկությունը սկսելուց հետո մի քանի րոպե անց:

1889 թվականին Գուստավ Էյֆելի ստեղծած պտուտակաձեւ աստիճանի բնօրինակը ցուցադրվել է 1983 թվականին Էյֆելյան աշտարակի շահագործման միության (SETE) կողմից: Այն բաժանել են 24 մասի, որոնցից 4-ը նվիրել են ֆրանսիական թանգարաններին, մնացած 20-ը վաճառել աճուրդում, որն անցկացվել է աշտարակի երկրորդ հարկում:

Թռիչքներից ամենաբարձրը, որը կազմված է 40 աստիճանից եւ հասնում է 7,8 մետր բարձրության, ձեռք է բերել Նոժան-սյուր-Մարնի քաղաքապետարանը, սակայն 2009 թվականին այն աճուրդում նոր տեր է գտել:

2013 թվականին աճուրդում 220 հազար եվրոյով վաճառվել է աստիճանի հատվածներից մեկը, որը միացրել է Էյֆելյան աշտարակի երկրորդ եւ երրորդ մակարդակները: 2016-ին աստիճանի եւս մեկ հատվածը Փարիզում աճուրդում վաճառվել է ավելի քան 523 հազար եվրոյով: