Հայկական կողմը պետք է հերքի Ադրբեջանի նախագահի «Вести» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ արած հայտարարությունը, եթե դա չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը NEWS.am-ին տված հարցազրույցում։ Խոսքը մասնավորապես Ալիեւի այն արտահայտության մասին է, թե Ադրբեջանը երբեք չի համաձայնի, որ Ղարաբաղը ինքնիշխան պետություն լինի, եւ դա հայերը քաջ գիտակցում են։

Արամ Սարգսյանի խոսքերով, Հայաստանի նախագահը միանշանակ հայտարարել է, որ հայկական կողմը բացի Ղարաբաղի անկախ կարգավիճակից, մեկ այլ կարգավիճակի հետ չի համաձայնվի։ Եւ եթե կողմերի տեսակետները այդպես տարբերվում են, անհրաժեշտ է անմիջապես սառեցնել հարաբերությունները, մինչեւ վերջնականապես չճշտվեն դիրքորոշումները։

Կուսակցության ղեկավարի խոսքերով ադրբեջանական կողմը տեղեկատվական պատերազմներում շարունակում է հաղթել Հայաստանին ։ «Ե՞րբ է վերջապես Հայաստանի արտգործնախարարությունը հրապարակելու այն սկզբունքները, որոնց հիման վրա է հայկական կողմը տեսնում խնդրի լուծումը։ Իզուր չէ, որ մեր դիրքորոշումն անվանում են „զոհաբերության տարվող գառան հնազանդություն“»,-ասել է քաղաքական գործիչը։