Հուլիսի 6-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների գործընթացում նոր զարգացումներ չկան։ Երկրների երկխոսությունը ընթանում է նախկինի պես։ Այս խնդրի շուրջ, ինչպես եւ անցյալում, իրենց կարծիքներ են հայտնում հեղինակավոր անձինք։ Ամեն բան նույնն է։

Զարմանալի չէ, որ կողմերի տեսակետները կտրուկ տարբերվում են, նշում է նախագահը, այլապես հարցը վաղուց լուծված կլիներ։ Սակայն, բանակցություններին մասնակցող բոլոր կողմերը գիտեն, որ հայ-ադրբեջանական հակամարտության հիմնական հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է։ Ցանկացած որոշում, որին չի համաձայնի ԼՂՀ բնակչությունը, ընդունելի չէ, ասել է Սերժ Սարգսյանը։ Իր խոսքերով, այս մոտեցման կողմնակիցները գնալով ավելանում են։ Նախագահը հույս է հայտնել, որ բոլոր բանակցող կողմերը ժամանակի ընթացքում կճանաչեն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր «Վեստի» ռուսական հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է. «Լեռնային Ղարաբաղի, որպես ինքնուրույն պետության, գոյության հնարավորությունը Բաքուն չի տեսնում» եւ «երբեք դրան չի համաձայնի»։ «Կարծում ենք, հայկական կողմը դա շատ լավ հասկանում է։ Միաժամանակ, Հայաստանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարման ներկայիս աստիճանը՝ պետք է պահպանվի»-ասել է Ալիեւը։