Թերթը գրում է , որ նախօրեին` ժամը 21-ի սահմաններում, մահվան ելքով դժբախտ պատահար է տեղի ունեցել Կապանում:

 «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ԲԲԸ կողմից քաղաքի կենտրոնում` մարզպետարանի հարեւանությամբ կառուցվող բիզնես-կենտրոնի կիսակառույց շենքի 4-րդ հարկից վայր է ընկել 44-ամյա Արթուր Հակոբյանը: Նրան անմիջապես տեղափոխել են Կապանի բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է:

Բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանը տեղեկացրել է, որ տուժողը ստացել էր ծանր մարմնական վնասվածքներ` գանգի կոտրվածք, գլխուղեղի ծանր սալջարդ, բազմաթիվ կոտրվածքներ մարմնի այլ մասերում:

«Երեք բժշկով արել ենք հնարավոր ամեն ինչ, սակայն մարմնական վնասվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ։ Տուժողը, գիտակցության չգալով, մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց 20 րոպե հետո»,- «Հայոց աշխարհ»-ին ասել է Ս.Աթաջանյանը: