Եվ այսպես, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը կարող է չստանալ իր լուծումը մոտակա 100 տարվա ընթացքում, իսկ կարող է նաև այդպես էլ չլուծված մնալ ընդմիշտ։ Հենց այս մասին է հայտարարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուսական «Վեստի նեդելի»-ին տված հարցազրույցում։

Այդ հայտարարությունը միայն առաջին հայացքից կարող է բացարձակապես անընդունելի թվալ հայկական կողմի համար, սակայն մանրամասն վերլուծության դեպքում նուjնքան էլ անընդունելի է դառնում նաև Բաքվի համար։

Իրականում, եթե դատենք այն տեսանկյունից, որ Ղարաբաղը երբեք չի ստանա իր անկախության միջազգային պաշտոնական ճանաչում Ադրբեջանի կողմից, դա, իհարկե, բավական վիրավորական իրականություն է։ Սակայն, մյուս կողմից՝ հետևելով Ալիևի տրամաբանությանը, այն երբեք չի դառնա նաև պաշտոնական ինքնավարություն Ադրբեջանի կազմում։ Իսկ սա արդեն հենց Ադրբեջանի ղեկավարի կողմից նկարագրված շատ ուրախալի իրադարձություն է, հոյակապ հեռանկար։

Մնում է պատասխանել այն հարցին, թե հարկավո՞ր է արդյոք պաշտոնապես ճանաչված անկախ կարգավիճակը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։ Իր հերոսական պայքարի իմաստի ու ոգու բավարարման համար, իհարկե, հարկավոր է և շատ կարևոր։

Իսկ գործնական տեսանկյունի՞ց։ Դե՛՝ Հայաստանի մարզի, որտեղ գործում է հայկական դրամը, և որը ֆինանսավորվում Հայաստանի բյուջեից, ինչի՞ն է պետք միջազգային ճանաչումը։ Այն իսկի էլ հարկավոր չէ, պարո՛ն Ալիև…

Այդ պատճառով էլ պաշտոնական Բաքուն կարող է և չհամաձայնել Լեռնային Ղարաբաղի անկախությանը։ Մենք նրա հետ ինքներս էլ համաձայն չենք, այնպես, ինչպես համաձայն չենք Հայաստանի Կոտայքի կամ էլ Վայոց Ձորի մարզերի անկախության հռչակման հետ։