ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կընդլայնի այն երկրների ցանկը, որոնք կասկածվում են արժութային մանիպուլյացիների մեջ, այդ թվում ներառելով Ռուսաստանն ու Ասիայի մի շարք երկրներ, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը՝ վկայակոչելով Bloomberg-ը։

Գործակալությունը՝ վկայակոչելով անանուն աղբյուրները, հայտնում է, որ Վիետնամը կարող է արժութային մանիպուլյատոր ճանաչվել, քանի որ արհեստականորեն նվազեցնում է դոնգի արժեքը։

Այդ թեման, ինչպես նշում է գործակալությունը, միջազգային մակարդակով վեճերի առիթ է հանդիսանում։ Եվ այդ պատճառով Թրամփի վարչակազմը Վիետնամին խնդրել է շատ ինֆորմացիա տրամադրել՝ նախքան զեկույցը հրապարակելը։

Bloomberg-ի հաղորդմամբ՝ նոր զեկույցում, որն, ինչպես ակնկալվում է, կհրապարակվի այս ամիս, ստուգման ենթարկվող երկրների թիվը 12-ից հասնում է 20-ի։

Աղբյուրների խոսքով՝ ֆինանսների նախարարությունը նվազեցրել է արժութային մանիպուլյացիայի հստակեցման 3 չափորոշիչներից մեկը՝ վճարային հաշվեկշռի պրոֆիցիտը, որը ցույց է տալիս ներմուծման ու արտահանման ծավալների միջեւ տարբերությունը։ Անցումային ցուցանիշը ՀՆԱ 3%-ից հասել է 2-ի։

Ավելի վաղ նախագահ Թրամփը թվիթերի իր էջում գրել էր, որ Չինաստանը, Ռուսաստանն ու Եվրամիությունը մանիպուլացիայի են ենթարկում իրենց արժույթը, որպեսզի առեւտրային անօրինական գերակայություն ունենան ԱՄՆ-ի նկատմամբ։

Իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը խոստացել էր Չինաստանն արժութային մանիպուլյատոր ճանաչել։ Սակայն ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը դա չարեց՝ հայտարարելով, որ Պեկինը չի համապատասխանում Կոնգրեսի սահմանած չափանիշներին։

Ռուսաստանն ու ԵՄ-ը եւս պաշտոնապես արժութային մանիպուլյատոր չճանաչվեցին։

Իսկ այժմ ԱՄՆ ֆիննախը ստուգումներ է անցկացնում ԱՄՆ-ի եւ Շվեյցարիայի 12 խոշորագույն առեւտրային գործընկերների նկատմամբ։

Ընդլայնված ցուցակում կարող են հայտնվել Ռուսաստանը, Թաիլանդը, Ինդոնեզիան, Իռլանդիան, Մալայզիան, որոնք ԱՄՆ-ի հետ առեւտրում մեծ պրոֆիցիտ ունեն։