Սարատովի շրջանային դատարանը հրապարակել է այն երեք ոստիկանների դատավճիռը, որոնք մեղադրվում էին Հայաստանի քաղաքացի Արմեն Գասպարյանի դաժան սպանության մեջ:

Ոստիկանության երեք աշխատակիցները դատապարտվել են ընդհանուր հաշվով 64 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում: Առավելագույնը ստացել է Դմիտրի Կորչագինը՝ 23 տարի: Յուրի Օգոլցովը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Դատարանը հաշվի է առել, որ նա մասնակցել է չեչենական պատերազմին: Իսկ Դենիս Չուրիկովը գաղութում կանցկացնի 21 տարի: Որպես մեղմացուցիչ հանգամանք նշվել է նրա անչափահաս երեխա ունենալու հանգամանքը:

Հիշեցնենք, որ 2008թ, հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերն այս երեք ոստիկանները ձերբակալել էին Արմեն Գասպարյանին, դաժան ծեծի ենթարկել մահակներով եւ ձողերով, ապա բենզինով այրել դին ու թաղել: Ոստիկանները փորձել էին Գասպարյանին ստիպել, որ նա ինքնախոստովանական ցուցմունքներ տա իբր կատարած գողության վերաբերյալ: