ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ հուլիսի 2-ին, այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետեւել է ամառային զորակոչի ընթացքին, զորակոչային եւ բժշկական հանձնաժողովների աշխատանքին, զրուցել բժիշկների հետ, տեղեկացել զինակոչիկների վերջնական բուժզննումների արդյունքներին։

Վիճակահանության դահլիճում պաշտպանության նախարարը զրուցել է նաեւ զինակոչիկների հետ, շնորհավորել զինված ուժերի շարքերը համալրելու առթիվ, մաղթել անվտանգ եւ գերազանց ծառայություն։

Այցի ընթացքում Դավիթ Տոնոյանը պատասխանել է զինակոչիկների ծնողների հարցերին, վստահեցրել, որ պաշտպանական գերատեսչությունը շարունակում է բարեփոխումներ իրականացնել զինծառայողների կենցաղային եւ թիկունքային ապահովման ուղղությամբ։

Շրջայցի ավարտին Դավիթ Տոնոյանը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին՝ զորակոչի գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու եւ զինակոչիկների կրթությունն ու մասնագիտական կարողությունները հաշվի առնելու վերաբերյալ։