ԱՄՆ-ում զանգվածային հրաձգությունները կապված են հոգեկան առողջության խնդիրների հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է WHIO-ն:
Սպիտակ տան ղեկավարը կրակողներին անվանել է «շատ ծանր հոգեկան հիվանդներ»: Նա հավելել է, որ զանգվածային հրաձգությունների խնդիրը տարիներ շարունակ չի լուծվում, եւ դա անհրաժեշտ է կանգնեցնել:
Անցած օրերին ԱՄՆ-ում տեղի էր ունեցել զանգվածային հրաձգության միանգամից երեք դեպք: Նախ՝ Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքում Walmart առեւտրի կենտրոնի վրա հարձակման հետեւանքով զոհվել էր 20 մարդ, 26-ը՝ վիրավորվել:
Հրաձիգը ձերբակալված է. նա 21-ամյա ամերիկացի Պատրիկ Կրուզիոսն է: Մինչեւ հարձակումը նա Twitter-ում մանիֆեստ էր հրապարակել, որում աջակցություն էր հայտնել մարտին Նոր Զելանդիայի մզկիթում իրագործված ահաբեկչական հարձակմանը եւ հայտարարել, որ ներգաղթյալների պատճառով տուժում է ԱՄՆ մշակույթը եւ տնտեսությունը:
Դրանից հետո հրաձգություն էր տեղի ունեցել Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում, զոհվել էր 9 մարդ, ներառյալ հրաձիգը, եւս 26-ը տուժել էր: Հարձակվողը 24-ամյա Քոնոր Բեթսն էր: Զոհվածների թվում էր եղել նրա քույրը:
Երրորդ դեպքը տեղի էր ունեցել Չիկագոյի մանկական հրապարակում, որի հետեւանքով վիրավորվել էր 7 մարդ: Հարձակվողի մասին, որը տեղաշարժվել է սեւ Chevrolet Camaro-ով, ոչինչ չի հաղորդվում:





























