Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏԲԽ) նիստին համաձայնեցվել եւ հաստատվել է ընդհանուր ֆինանսական շուկայի հայեցակարգը: Այս մասին հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով՝ կարեւոր է, որպեսզի այդ հայեցակարգը մշակեն 5 երկրների ԿԲ-երը, եւ հենց դրանք կլինեն այդ համաձայնությունների անմիջական իրականացնողները: Այդ հայեցակարգի հիման վրա կմշակվեն իմպլեմենտացիայի ճանապարհային քարտեզներ: Սարգսյանը նշեց, որ 2025-ին միության շուկայում կգործարկվեն ֆինանսական բոլոր ծառայությունների գծով ազատությունները: 

Նա նաեւ հայտնեց, որ երեկ կայացել է միության ինտեգրացիայի առաջընթացի համար պատասխանատու փոխվարչապետերի մասնակցությամբ ԵԱՏՄ խորհրդի նիստը: Նա նշեց, որ փոխվարչապետերի մակարդակով քննարկվող հիմնական եւ ակտուալ թեման միության տարածքում գոյություն ունեցող սահմանափակումների վերացումն է: Սարգսյանի խոսքով՝ համաձայնել են պարբերաբար շարունակել այդ աշխատանքն ու բոլոր նիստերը սկսել ընդհանուր շուկաների լիովին գործելուն խոչընդոտող խնդիրների քննարկումից: