«Ջի Էն Սի-Ալֆա» ընկերության համապետական ծածկույթի 10 Գբ/վ թողունակությամբ IP/MPLS ցանցը այժմ հասանելի է դարձել Հայաստանի եւս 12 քաղաքներում: Այդ քաղաքներն են՝ Արարատ, Վեդի, Արտաշատ, Արմավիր, Չարենցավան, Հրազդան, Սեւան, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս, Կապան եւ Դիլիջան: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ընկերությունից։

Տրամադրված տեղեկատվության համաձայն՝ վերոնշյալ բնակավայրերում շահագործման հանձնված ընկերության  ցանցային հանգույցները, հնարավորություն կնձեռնեն ընկերությանը այս կենտրոններից մատուցել IP տարանցման, Ինտերնետ հասանելիության, տվյալների հաղորդման, վիրտուալ մասնավոր ցանցերի (VPN) եւ այլ ծառայություններ շարժական կապի օպերատորներին, Ինտերնետ ծառայություն մատուցողներին եւ կորպորատիվ հաճախորդներին:   

Ընկերությունից տեղեկացնում են նաեւ, որ ցանցի ընդարձակման աշխատանքները շարունակվում են, եւ առաջիկա 6 ամիսների ընթացքում  3 մարզերի եւս 5 քաղաքներ կմիացվեն ընկերության ցանցին: Այդ քաղաքների թվին են պատկանում` Էջմիածինը, Իջեւանը,  Նոյեմբերյանը, Գավառը եւ Մարտունին:

Նշենք, որ ներկայումս «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերությունը ցանցին միացված մարզերի եւ քաղաքների ամբողջական ցանկը հետեւյալն է՝ Երեւան, Կոտայք  (Աբովյան, Նոր Հաճըն, Չարենցավան, Հրազդան), Արարատ (Արարատ, Մասիս, Վեդի, Արտաշատ), Վայոց Ձոր (Ջերմուկ, Եղեգնաձոր), Սյունիք (Քաջարան, Ագարակ, Սիսիան, Գորիս, Կապան), Արագածոտն (Աշտարակ, Ապարան), Շիրակ (Գյումրի), Լոռի (Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր), Տավուշ (Բագրատաշեն, Դիլիջան), Արմավիր (Արմավիր), Գեղարքունիք (Սեւան):