«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն այսօր` ապրիլի 5-ին նամակ է ուղարկել Երեւանի քաղաքապետին` Երեւանի Ավան վարչական շրջանում կանաչապատ տարածքի վրա շինարարական աշխատանքների վերաբերյալ ահազանգի առնչությամբ:
Ստորեւ ներկայացնում ենք նամակի բովանդակությունը.
«Երեւանում կանաչ տարածքների պահպանման մասին Ձեր բոլոր ելույթները ողջունելի են:
Սակայն, լրատվամիջոցներով հրապարակված երկու բաց նամակից տեղեկացել եմ, որ Երեւանի Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասում` մայթի եւ փոստի շենքի միջեւ եղած կանաչ տարածքում սկսվել է շինարարություն, որի թույլտվության հրամանը` Հ.01/18-Վ-107-105, Դուք տվել եք:
2011 թվականի ապրիլի 4-ին, ժամը 11.30-12.00 անձամբ այցելել եմ վերոնշյալ տարածք, որտեղ լայն թափով իրականացվում են շինարարական աշխատանքներ: Ակնհայտ էր, որ շինհրապարակի վերածված տարածքը եղել է կանաչ գոտի` գազոն, ինչի մասին վկայում է սեւահողի առկայությունը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` խնդրում եմ 10-օրյա ժամկետում տրամադրել հետեւալ տեղեկությունները.
1. Վերոնշյալ հասցեի համար շինարարության թույլտվության հիմքերը,
2. Քաղաքի կամ համայնքի ճարտարապետական փորձաքննության արդյունքները,
3. Ո՞ւմ է պատկանում այդ հողակտորը,
4. Դուք անձամբ այցելե՞լ եք այդ տարածք:
5. Ինչպե՞ս կբացատարեք Ձեր խոսքի ու գործի միջեւ եղած այս տարբերությունը»:




























