Գրողների տան դահլիճում այսօր` ապրիլի 6-ին ժամը 15:00-ին տեղի կունենա պոլսահայ բանաստեղծ Զարեհ Խրախունու /Թուրքիա, Ստամբուլ/ «Տոնականչ» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» կենտրոնի եւ Գրողների միության համատեղ ջանքերով:
Նշենք, որ Զահրատից հետո արդեն 80-ն անց Զարեհ Խրախունին է պատմականորեն նվաճել վերջին շուրջ կես դարի պոլսահայ իմացական բանաստեղծության նահապետը լինելու գերագույն պատիվը:
Պոլսի Մխիթարյան վարժարանում, ապա եւ Ստամբուլի համալսարանում բարձրագույն կրթություն ստանալով, խորացավ փիլիսոփայության ու գեղագիտության գաղտնարանները եւ իր ստեղծագործությունը դրեց նպատակասլաց հունի մեջ: Թերեւս այս էր գլխավոր պատճառը, որ դեռ 1940-ականներից ստեղծագործող այդ անհատականությունը որպես բանաստեղծ հանրությանը ներկայացավ բավական ուշ՝ համեմատաբար հասուն տարիքում, եւ առաջին քերթողագրքերը հրատարակեց 1964-ին:





























