Լոռու մարզի մի խումբ փաստաբաններ, իսկ ապրիլի 4-ին ՀՀ դատավորների միության խորհուրդն իրենց վրդովմունքը եւ տարակուսանքն են արտահայտել դատախազ Կարեն Շահբազյանի կողմից արված արտահայտությունների վերաբերյալ, ով փորձել է արդարադատության համակարգի վերաբերյալ թյուր կարծիք ձեւավորել հասարակության մեջ եւ ճնշում գործադրել դատական իշխանության վրա: Այս մասին ասված է Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի կողմից տարածած հաղորդագրության մեջ:

«2011 թվականի մարտի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանն ապատեղեկատվություն է տարածել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2011 թվականի մարտի 20-ի որոշման վերաբերյալ: Դատարանը մերժել է Լոռու մարզի քննչական բաժնի քննիչի` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող 2-րդ խմբի հաշմանդամ, 72 ամյա Մաքսիմ Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը:

Հանդիպման ժամանակ դատախազը քննարկման առարկա է դարձրել դատարանի կողմից կայացված եւ դեռեւս օրինական ուժի մեջ չմտած որոշումը, այն որակել է անհիմն, իսկ անմեղության կանխավարկածի սահմանադրական երաշխիքից օգտվող անձին` Մաքսիմ Պետրոսյանին, անվանել է «մարդասպան»:

Լոռու մարզի դատախազը, լրագրողների հետ հիշյալ հանդիպման ժամանակ դատարանի որոշման վերաբերյալ դատախազին ոչ հարիր նմանօրինակ դժգոհություն հայտնելով, փորձ է արել բնակչությանը հավատացնելու, թե իբր դատարանը կայացրել է անարդար եւ անհիմն որոշում:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը գտնում է, որ մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարի կամ խախտված իրավունքների վերականգնման միակ իրական մարմինը անկախ դատական իշխանության կայացածությունն է:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ողջունում է անկախ դատական համակարգի ձեւավորման ձգտումը եւ հայտնում իր պատրաստակամությունը խոչընդոտող գործոնների դեմ պայքարելու, դիմագրավելու կամ վերացնելու գործընթացում, քանի որ իրավական պետության ձեւավորման եւ զարգացման հիմնական երաշխիքներից մեկը անկախ եւ անկողմնակալ դատական իշխանությունն է»,- ասված է հաղորդագրության մեջ: