Լեռնային Ղարաբաղի անկախ կարգավիճակին ադրբեջանական կողմի անհամաձայնությունը՝ նորություն չէ մեզ համար: NEWS.am-ի հետ հարցազրույցի ժամանակ ԼՂՀ նախկին արտգործնախարար Նաիրա Մելքումյանը ասել է, որ ի պատասխան դրան, հայկական կողմը պետք է հզորացնի Ղարաբաղը, պահպանի անկախության տարիներին ձեռքբերածը եւ ակտիվ արտաքին քաղաքականություն ծավալի միջազգային հանրությանը ճիշտ ներկայացնելով Արցախի հիմնախնդիրը։
«Ալիեւն այսօր նստած է նավթի վրա եւ իրեն թույլ է տալիս տարբեր հայտարարություններ անել՝ կարծելով, թե աշխարհը հաշվի է առնելու նավթի ու գազի գործոնը։ Սակայն, Հայաստանը միշտ կարող է հակազդել ներքին կազմակերպվածությամբ, նաեւ ավելի խոր թափանցելով խնդրի էության մեջ»,- ասել է նախկին արտգործնախարարը։
Նրա կարծիքով, Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ շեղվել ժողովրդավարական սկզբունքներից։ «Եթե մենք ասում ենք Ադրբեջանին, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել վարչարար պետության կազմում, մենք պետք է վստահ լինենք, որ ունենք դրա բարոյական իրավունք»,- նշել է Մելքումյանը։




























