2010 թվականը հաջող տարի է եղել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության համար, որի մասին են վկայում Միության կազմակերպած բիզնես ցուցահանդեսներն ու ֆորումները։ Այս մասին ապրիլի 8-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 11-րդ համագումարի ժամանակ ասաց ԻՏՁՄ նախագահ Հովհաննես Ավոյանը։ Նրա խոսքով՝ նախորդ տարվա ընթացքում իրենց միության կողմից կազմակերպված միջոցառումները եւ դրանց ժամանակ ներկայացված բիզնես լուծումները թույլ են տալիս փաստել, որ ոլորտում անընդհատ առաջընթաց է արձանագրվում։
Նրա խոսքով՝ միության կողմից կազմակերպված մրցույթները, հատկապես՝ «Ռոբոտիքս»-ը եւ այս տարի առաջին անգամ անցկացվող «Համակարգչային խաղերի» մրցույթները երիտասարդների շրջանում բավականին ոգեւորող են, ուստի եւ նպաստում են ոլորտում երիտասարդների ներգրավվածությանը։
Ավոյանը նշեց նաեւ միության եւ նախարարությունների հետ համագործակցությունները, հատկապես նշելով ՊՆ-ի հետ համագործակցությունը
«Մեր նպատակն է օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաների հմտությունները հայկական բանակում, որպեսզի մասնագետները ոչ թե կորցնեն իրենց հմտություները, այլ բանակում եւս կիրառեն դրանք եւ ՏՏ լուծումները օգտակար լինեն մեր պաշտպանական գերատեսչության համար»,-ասաց Ավոյանը։ Նա նշեց նաեւ Արցախում նախորդ տարի կազմակերպված միջոցառումների անցկացումը։
ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանի խոսքով՝ Արցախում միության հետ համագործակցության արդյունքում ոլորտում շարժ է նկատվում։
« 2010թ.-ին մեզ համար հատկապես կարեւոր էր հենց այս միության հետ համատեղ ՏՏ լիդերների հանդիպումը, որի շրջանակներում հայաստանյան ՏՏ ոլորտի ղեկավարները հենց տեղում ծանոթացան եւ համագործակցության եզրեր գտնվեցին»,-ասաց Կ. Եսայանը։
Նշենք, որ համագումարի ժամանակ կընդունվեն ԻՏՁՄ 2011-2013 թթ. ռազմավարությունը եւ միության 20-ամսյա գործողությունների ծրագիրը: Նախատեսվում է եւս 3 կազմակերպության անդամակցություն, որի դեպքում ԻՏՁՄ անդամների թիվը կհասնի 53-ի:





























