Երեւանի ավագանու խորհրդի այսօրվա` ապրիլի 8-ի նիստում, ի թիվս այլ հարցերի, բարձրացվել են նաեւ անգլատառ ու օտարաբովանդակ գովազդային պաստառների ու  այլ հաստատությունների  անվանումների հարցը, ինչը օրենքի խախտում է:

Ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ ճարտարապետ Լեւոն Իգիթյանն առաջարկել է քաղաքապետին` ստեղծել Երեւանի խմբագրի հաստիք եւ միայն վերջինիս թույլտվությամբ տեղադրվեն գովազդային  ու այլ պաստառներ: Նա նաեւ դժգոհել է գլխավոր պողոտաներում տեղադրված «Ես քեզ սիրում եմ» բովանդակությամբ  պաստառներից, ապա պահանջել հարցին լուծում տալ, քանի որ քաղաքի տերը քաղաքապետարանն է:

«Ճանապարհներին փակցված է «Ես քեզ սիրում եմ» պաստառներ: Մեկ-մեկ պատահական մարդկանց  սեր ա լինում այդտեղ: Էդ են մարդը չի, որ մենք բոլորս սիրում ենք ու որ ինքը մեզ սիրում ա, եւ մենք պիտի ուրախանանք: Էդ ի՞նչ պրինցիպով ա  դա արվում: Հզոր մարդկանց դեմքը, որ տեսնում ես, հասկանում ես, բայց որ լակուտ-լուկուտ ինձ ասում ա  ես քեզ սիրում եմ, դուրս չի գալիս»,-դժգոհել է  ճարտարապետ Իգիթյանը:

Սրան ի պատասխան Կարեն Կարապետյանն ասել է. «Ինչպես ցանկացած գործի մեջ, այնպես էլ գովազդի մեջ, պետք է լինեն չափորոշիչներ ու խաղի կանոններ: Ինչ վերաբերում է էսթետիկ դուր գալ-չգալուն, թեեւ վերջին ֆիլտրի դերը կատարում է Երեւանի քաղաքապետարանը, բայց երկու ստեղծագործ մարդ ասում են դուրս չի գալիս, չորսը ասում են դուրս  գալիս է: Բավականին սուբյեկտիվ  է, իսկ չափորոշիչները որոշելը` շատ դժվար»,-ասել է Կարապետյանը:

Իսկ Երեւանի խմբագրի հաստիք ստեղծելու առաջարկին անդրադառնալով, քաղաքապետը նշել է «Ինչ վերաբերում է խմբագրի հաստիքին, գովազդային քաղաքականություն վարող վարչությունը իր մեջ ներառում է այդ բոլոր գործառույթները»: