Ծովի ջերմային ալիքները սպառնում են Մեծ պատնեշային խութին եւ կարող են էապես կրճատել Ավստրալիայի ջրերում ոստրեների բազմացումը։ Սա պարզել են Ավստրալիայի գիտական եւ կիրառական հետազոտությունների պետական միավորման (CSIRO) հետազոտողները, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ABC News-ին։

Գիտնականների հետեւությունների համաձայն, մայրցամաքի ափերին որոշ շրջաններում ջուրը շատ ավելի արագ է տաքանում, քան աշխարհում որեւէ այլ տեղ, եւ բարձր ջերմաստիճանը ավելի երկար է պահպանվում, ինչը սպառնում է երկրի ձկնորսական տնտեսությանը եւ դրա առափնյա էկոհամակարգերին։ Ծովի, այսպես կոչված, ջերմային ալիքների պատճառը, հետազոտողների կարծիքով, երկրագնդի վրա կլիմայի փոփոխությունն է։  

Գիտնականները նախազգուշացնում են, որ եթե ջրի ջերմաստիճանը կտրուկ փոխվում է եւ պահպանվում է երկար ժամանակի ընթացքում, դա հանգեցնում է կենդանիների եւ միկրոօրգանիզմների հիվանդությունների բռնկման։ «Ջրի ջերմաստիճանի աճը մահացու սպառնալիք կարող է դառնալ ոստրեների եւ այլ կակղամորթների համար, նվազեցնել այնպիսի կարեւոր ձկների բազմացման տեմպերը, ինչպիսին սաղմոնն է»,- պարզաբանել է ծովային կենսաբան եւ օվկիանոսագետ Ալիստեր Հոբդեյը։ Նա նշել է, այդ տեսակների ոչնչացումը ամբողջովին կփոխի տուժած տարածաշրջանների էկոհամակարգը, եւ դրա վերականգնման համար տասնյակ տարիներ կպահանջվեն։

Սպառնալիք ծովային ֆաունայի համար

Ծովի ջերմային ալիքը (marine heat wave, MHW) օվկիանոսի որոշակի տարածաշրջանի կամ սեզոնի համար ոչ տիպիկ ժամանակաշրջան է, որը տեւում է հինգ կամ ավելի տարի։ Դա կարող է մահացու լինել ծովային շատ տեսակների՝ մարջանների, ջրիմուռների, ոստրեների, ձկների եւ միկրոօրգանիզմների համար։

2016թ․ ջերմային ալիքը, որը մոտեցել էր Տասմանիա կղզու ափերին, 251 օրով փոխել էր դրա շուրջը ջրի ջերմաստիճանը եւ ոչնչացրել էր լամինարիաների ստորջրյա անտառները։ Դա լրջորեն ազդել էր առափնյա ամբողջ էկոհամակարգի վրա, իսկ տեղի ձկնորսները սկսել էին արեւադարձային ձկներին որսալ այնտեղ, որտեղ սկսվում է Անտարկտիկան։

Ջերմային ալիքները, գիտնականների տվյալներով, դիտարկվում են համաշխարհային օվկիանոսի բոլոր շրջաններում։ Սակայն ամենախոցելին Ավստրալիայի ու Մեծ պատնեշային խութի առափնյա շրջաններն են։ Հենց այս երեւույթը 2016-17թթ․ պատճառ դարձավ մարջանի խութերի 80 տոկոս ոչնչացմանը։ «Եթե ջերմային ալիքը առաջիկա 10-20 տարիներին մեկ անգամ էլ գա, խութերը վերականգնվելու ժամանակ ու հնարավորություն չեն ունենա»,- պարզաբանել է Սիդնեյի համալսարանի հրավիրված պրոֆեսոր Ջոդի Ուեբսթերը։