Հայաստանը մտադիր է վավերացնել ԵՏՄ-ի եւ Սերբիայի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը: Այս մասին «երրորդ պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ ԵՏՄ միջազգային պայմանագրերի մասին համաձայնագրի վավերացման մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ ԵՏՄ անդամ 3 պետությունները՝ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը, այսօր ազատ առեւտրի մասին բանակցություններ են վարում Սերբիայի հետ երկկողմ համաձայնությունների հիմքով: «Այդ համաձայնագրով երեք երկրներին միանում են երկու այլ երկրներ: Իհարկե, ցանկացած դեպքում անհրաժեշտ է վերլուծել, թե ինչ օգուտ է տվել յուրաքանչյուր երկիր, ինչ է ստացել Հայաստանը, արդյոք վնաս է կրել, թե ոչ: Իմ տեղեկություններով՝ մինչ այժմ որեւէ վնաս չի եղել միջազգային որեւէ համաձայնագրի պատճառով»,- նշեց նա:շ
Նշենք, որ ԵՏՄ-ի եւ Սերբիայի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագիր է կնքվել Մոսկվայում այս տարվա հոկտեմբերի 25-ին: Այդ ժամանակ ֆիքսվել է, որ Սերբիայի եւ ԵՏՄ-ի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է 3 մլրդ 400 մլն դոլար: Այժմ ԵՏՄ անդամ երկրների յուրաքանչյուրը պետք է վավերացնի փաստաթուղթը:





























