Արդարադատության նախարարի տեղակալներ Ռաֆիկ Գրիգորյանն ու Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 25-ին ընդունել են Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Միգարա դե Սիլվայի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը ողջունել է գործընկերներին Արդարադատության նախարարությունում՝ ամփոփ ներկայացնելով քննարկման ենթական հարցերի ուղղությամբ Նախարարության կողմից իրականացվող գործընթացները: 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Դատաիրավական բարեփոխումների եւ Հակակոռուպցիոն ռազմավարությունների համատեքստում նախատեսված էլեկտրոնային մի շարք գործիքակազմերի ներդրման եւ արդիականացման հարցերի:

Մասնավորապես՝ քննարկվել են էլեկտրոնային հայտարարագրման նոր համակարգի տեսլականին եւ դրա տեխնիկական առաջադրանքին առնչվող հարցերը: Փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը գործընկերներին տեղեկացրել է նաեւ, որ էլ. հայտարարագրման համակարգի արդիականացման գործընթացում Նախարարությունը սերտ համագործակցում է նաեւ Կոռուպցիայի կանխարգելման նորընտիր հանձնաժողովի հետ՝ մեկտեղելով ջանքերն այդ ուղղությամբ:

Անդրադառնալով էլեկտրոնային արդարադատության ոլորտում տարվող աշխատանքներին՝ նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը գործընկերներին ներկայացրել է սնանկության գործերով, ինչպես նաեւ քաղաքացիական դատավարության ոլորտում վճարման կարգադրությունների էլեկտրոնային ներկայացման եւ արձակման փորձնական ծրագրի ներդրման գործընթացը, որն իրականացվում է Բարձրագույն դատական խորհրդի հետ համատեղ:

Կողմերն անդրադարձել են նաեւ իրավական ակտերի էլեկտրոնային շտեմարանի արդիականացման գործընթացին, որի արդյունքում նախարարի առաջին տեղակալն ընդգծել է, որ կկանխարգելվի օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու զուգահեռ կրկնվող գործընթացները:  

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ քրեական արդարադատության ոլորտում էլեկտրոնային գործիքակազմերի ներդրմանն առնչվող մի շարք հարցեր: