«Ցեղասպանության խնդիրը սկսեց Թուրքիայում քննարկվել այն ժամանակ, երբ հասարակության ներսում ժողովրդավարական զարգացումներ սկսվեցին, իսկ երբ ԵՄ անդամակցությունը դոմինանտ դարձավ, պարզ էր, որ հայկական հարցը վաղ թե ուշ բարձրանալու է»,- այսօր «Սիվիլիթաս» կազմակերպությունում կազմակերպված «Վերադարձ ապագային» քննարկման ժամանակ նշեց թուրքական «Զաման» թերթի լրագրող Յավուզ Բայդարը: Նա ցավով արձանագրեց, որ այդ գործընթացը դանդաղ է ընթանում, բայց այնուամենայնիվ «ճանապարհը բաց է»: Փորձելով հայ հասարակությանը բացատրել, թե որքան դժվար է թուրք հասարակության համար ընդունել ցեղասպանության իրողությունը, թուրք լրագրողը համեմատութուն արեց՝ նշելով. «Դա նույնն է, երբ ընտանիքի դուստրը թեւ չունի, եւ հանկարծ մի օր մեկը մոտենում է եւ ասում, որ դա քո հայրն է փոքր հասակում քրոջդ թեւը կացինով կտրել: Կամ հանկարծ ասեն մայրդ բոզ է: Դա բնականաբար, հակազդեցություն է առաջացնում եւ մարդիկ չեն ուզում հավատալ դրան: Հենց այդ ենթատեքստում հայերը պետք է փորձեն հասկանալ թուրքերին»:
Այնուհետեւ անդրադառնալով կոնկրետ հայ-թուրքական արձանագրություններին՝ Յավուզ Բայդարն ասաց, որ սովորական թուրք հասարակության մոտավորապես 70 տոկոսը կողմ է սահմանների բացմանն ու հարաբերություններ հաստատելուն, թեեւ նրանք առանձնապես տեղեկացված չեն արձանագրությունների բովանդակությունից: «Մարդկանց համար մեկ է, թե այնտեղ ինչ կա գրված»,- ասաց նա:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին, թե քանի դեռ հասարակությունների մեջ չկա այս խնդրի բավարար ընկալում, մտավախություն չունե՞ք, որ ժամանակից առաջ ընկնելով եւ հարաբերություններ հաստատելով, փչացնում ենք երկխոսության գաղափարը, թուրք լրագրողն արձագանքեց. «Մենք բավականաչափ օտարացած ենք եւ եթե չսկսենք խոսել, ապա ոչ մի խնդիր էլ տեղից չի շարժվի: Ինչքա՞ն ենք ասելու, որ վաղաժամ է»:
Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանն էլ հավելեց. «Եթե սպասենք, որ պատրաստ լինենք, այդպես էլ որեւ բան չենք սկսի»:




























