Կյանքի 79-րդ տարում վախճանվել է ԽՍՀՄ առաջին տիեզերագնացներից մեկը՝ Խորհրդային Միության կրկնակի հերոս Պավել Պոպովիչը։ Նա Յուրի Գագարինի հետ միասին եղել է նույն ջոկատում։

Նա 1962 թվականի օգոստոսին խմբակային տիեզերական թռիչք է կատարել Անդրիան Նիկոլաեւի հետ։ Պոպովիչի ղեկավարած «Վոստոկ-4» տիեզերանավը 70 ժամ 44 րոպեում 48 անգամ թռիչք է կատարել Երկրի շուրջ՝ անցնելով մոտ 2 մլն. կմ հեռավորություն։ Որպես հրամանատար Պ. Պոպովիչը եղել է «Սոյուզ-14» տիեզերանավի անձնակազմում (Յուրի Արտյուխինի հետ միասին), որը 1974 թվականի հուլիսի 3-ին ուղեծիր է դուրս բերել Երկրի արհեստական արբանյակը։ Այնուհետեւ 1974 թվականի հուլիսի 5-ին «Սոյուզ-14»-ը ծայրակցվել է 1974 թվականի հունիսի 25-ից ուղեծրում գտնվող «Սալյուտ-3» գիտական կայանին։ Տիեզերական համալիրի համատեղ թռիչքը («Սալյուտ-3» ուղեծրային գիտական կայանի եւ «Սոյուզ-14» տիեզերանավի) շարունակվել է 15 օր,- հաղորդում է ИТАР-ТАСС։