Հայաստանում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար բալային համակարգի ներդրման անհրաժեշտությունը վաղուց էր առաջացել, հարցը հասունացել է, համենայնդեպս, վերջին 2 տարում: Այս մասին հունվարի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը:
Նրա խոսքով՝ այս համակարգը շատ երկրներում է ներդրվել եւ իրեն լիովին արդարացրել է: «Իհարկե, ռիսկեր կան, բայց դրանք նվազագույն են: Այս օրենսդրական նախաձեռնության վրա աշխատած Ֆրանսիայից եւ Գերմանիայից փորձագետները նշել են, որ Հայաստանի դեպքում նոր օրենքը մի շարք առավելություններ ունի եւ ավելի լավ է մշակված, քան մյուս երկրներում, որտեղ այս համակարգն արդեն ընդունվել եւ գործում է»,- պարզաբանեց Ղահրամանյանը:
ՀԿ ներկայացուցչի խոստովանությամբ՝ այս համակարգը Վրաստանում ներդրվել է, բայց այնտեղ կոլապս առաջացավ: Այնտեղ խախտումները պետք է գրանցեն ոստիկանները, բայց այդ դեպքում առաջանում են որոշակի կոռուպցիոն ռիսկեր: «Դրանից բացի, այնտեղ գործում է 100-բալանոց համակարգ, որոնցից, օրինակ, ՃԵԿ խախտումների համար հանվում է 20-30 բալ»,- պարզաբանեց նա՝ հավելելով, որ Հայաստանում խախտումներն առայժն գրանցվելու են տեսախցիկներով, իսկ ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից արդեն Ճանապարհային երթեւեկության աշխատակիցների կողմից:
Փորձագետը, սակայն, նշեց, որ մի շարք տեխնիկական հարցեր են մնում, որոնք պետք է լուծել նախքան համակարգն ամբողջ ուժով կսկսի գործել՝ խուսափելու համար որեւէ հնարավոր խնդրից ու շեղումներից: Ղահրամանյանը պարզաբանեց, որ 100 խախտումներից բալային համակարգը գործելու է միայն 25 դեպքում: Օրինակ՝ ամրագոտու բացակայության պատճառով բալեր չեն հանվի: Փորձագետը շեշտեց, որ նոր օրենքն ուղղված է բացառապես ՃԵԿ չարամիտ խախտումների դեմ պայքարելու համար: Բավական հատկանշական լուծումներ են գտնվել նաեւ արտասահմանյան զբոսաշրջիկների համար: Այսպես՝ նրանք կարող են առանց որեւէ սահմանափակման խախտել ճանապարհային երթեւեկության կանոնները, բայց այս դեպքում նրանց նկատմամբ կկիրառվի տուգանքների դասական համակարգը, այսինքն՝ ֆինանսական միջոցների գանձում:
«Իմ կարծիքով՝ սա վերջին տասնամյակում Հայաստանում ամենալուրջ բարեփոխումներից մեկն է»,- ասաց ՀԿ համահիմնադիրը: Նա, սակայն, իշխանություններին նաեւ քննադատեց՝ նշելով նրանց անպատասխանատու վերաբերմունքը սեփական պարտականությունների կատարմանը: «Մեզ մոտ տեղեր կան, որտեղ շաբաթը 2 անգամ ավտոմեքենաները մերկասառույցի պատճառով մայրուղու սահմաններից դուրս են գալիս եւ անդունդը գլորվում, բայց սրա համար ոչ ոք ոչ մի պատասխանատվություն չի կրում: Մեր քաղաքացիների համար այս բոլոր սպառնալիքները պետք է վերացվեն, ճանապարհները նրանց համար պետք է առավելագույն անվտանգ լինեն: Սակայն դրա համար պատասխանատվություն չեն կրում ո՛չ մարզպետարանները, ո՛չ դրա համար պատասխանատու այլ պաշտոնյաներ»,- ասաց Սերգեյ Ղահրամանյանը՝ հավելելով, որ չնայած դրան, ճանապարհներին տեսախցիկների թիվը չմեծացնելու քաղաքական որոշում կա, թեկուզ մի շարք մարզերից համապատասխան խնդրանքներ են ստացվել:




























