Հայաստանում գիտությունը ոչ թե ծերանում է, այլ մեռնում է, քանի որ հայաստանյան գիտնականները կամ, ապրուստի միջոց հայթայթելու համար, ստիպված են լինում զբաղվել այլ աշխատանքով՝ ծրագրավորմամբ, նկարչությամբ, գործարարությամբ, տաքսի քշելով եւ այլն, կամ ուղղակի մեկնում են Հայաստանից։ Նման կարծիք հայտնեց Հայաստանի Գիտությունների ակադեմիայի ֆիզիոլոգիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմեն Սարգսյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում։

Գիտնականը որպես օրինակ բերեց Ֆիզիոլոգիայի ինստիտուտը, ուր ակտիվ երիտասարդ գիտնականների գերակշիռ մասը ըստ նրա՝ 90-ական թվականներից սկսած մեկնել է արտասահման, ուր աշխատում են իրենց մասնագիտությամբ։ «Միայն մեր՝ Նեյրոնային համակարգերի մաթեմատիկական մոդելավորման լաբորատորիայից 4 հոգի ներկայումս գտնվում են Ավստրալիայում, մեկը՝ Մեծ Բրիտանիայում, մեկը՝ Միացյալ Նահանգներում, մեկը՝ Կանադայում, մեկը՝ Մոսկվայում»,-ասաց Ա. Սարգսյանը, ավելացնելով. «Լավ մասնագետները գնում են Եվրոպա, Ամերիկա եւ աշխատում են հենց իրենց մասնագիտությամբ՝ հասնելով մեծ բարձրունքների»։

«Մենք նման ենք մի վայրի ցեղի, որի ձեռքից հոսում-գնում է ոսկին, իսկ նրանց հոգն էլ չէ, քանի որ ոսկին ուտելիք չէ եւ այդ իսկ պատճառով նրանց համար արժեք չունի։

Ծիծաղելին այն է, որ միջազգային կազմակերպությունները ավելի շատ են մտահոգված Հայաստանից «ուղեղի արտահոսքով», քան մեր պետությունը։ 90-ական թվականներից ի վեր մեր կառավարություններից ոչ մեկը ոչ մի, նույնիսկ չնչին, քայլ չի ձեռնարկել Հայաստանից «ուղեղի արտահոսքը» պակասեցնելու, էլ չեմ ասում, կանխելու համար։ Իսկ, օրինակ, Ուղեղի հետազոտության միջազգային կազմակերպությունը (IBRO) հատուկ դրամաշնորհ է սահմանել հետխորհրդային երկրնեից «ուղեղի արտահոսքը» կասեցնելու համար (Scholarship against brain drain)։ Բառացիորեն, նրանք գումար են տալիս այդ երկրների գիտնականներին, որպեսզի նրանք մնան իրենց երկրում ու այնտեղ կատարեն իրենց գիտական աշխատանքը», - ասաց Ա. Սարգսյանը։

Գիտնականի կարծիքով, սակավ ֆինանսավորման եւ ցածր աշխատավարձի արդյունքն է նաեւ այն, որ երիտասարդությունը այլեւս չի ձգտում նվիրվել գիտությանը։ «Ինչպե՞ս կարելի է բարձր պահել գիտնականի պրեստիժը, եթե նրա աշխատավարձը ավելի ցածր է, քան այն, ինչ շատ հիմնարկներում՝ նույնիսկ պետական, ստանում է հավաքարարը», - ասաց Ա. Սարգսյանը, շարունակելով. «Իսկ այն սակավաթիվ երիտասարդների համար, ովքեր այնուամենայնիվ ուզում են զբաղվել գիտությամբ, կա մեկ ուրիշ խոչնդոտ. ասպիրանտական տեղերը խիստ սահմանափակ են, դրանց բաշխումը կատարվում է անհասկանալի սկզբունքներով եւ պաշտպանության նախարարության միջամտությամբ»։ Սարգսյանի խոսքով, ասպիրանտուրան տղաների համար դարձել է բանակից ազատվելու միջոց, հետեւաբար այստեղ տիրում է ծանոթությունն ու կոռուպցիան։ Իսկ իսկապես գիտությանը նվիրյալների համար շանսերը էլ ավելի պակասում են։ Որպես հետեւանք, նրանց մնում է միայն մեկ ելք՝ մեկնել Հայաստանից եւ իրենց ակադեմիական կարյերան շարունակել արտասհմանում։

«Խելացի եւ տաղանդավոր երիտասարդների համար արտասահմանում իրենց գիտական ուսումն ու աշխատանքը շարունակելը այդքան բարդ խնդիր չէ այսօր. ընդամենը մի քանի ամսվա որոնումներ եւ նամակագրություն, եւ անպայման կգտնվի մի համալսարան կամ այլ գիտական կենտրոն արտասահմանում, որը պատրաստ է քեզ ընդունել։ Հիմա հենց դա էլ տեղի է ունենում»,-ասաց Ա. Սարգսյանը՝ եզրափակելով, որ եթե մի քանի տարի էլ այսպես շարունակվի, ապա հայաստանյան բոլոր գիտնական ինստիտուտները կփակվեն կվերանան, իսկ մենք կշարունակենք անընդհատ ինչ որ բան ակնկալել արտասահմանից՝ այն արտասահմանից, որին հզորացնում են մեր տաղանդավոր երիտասարդները։