«Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի տվյալները, հաղորդում է, որ ինդոնեզական Արեւմտյան Սումատրա գավառում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1100 մարդու։ Մինչդեռ տեղի իշխանությունները հաղորդում են, որ վնասվածքներ է ստացել ավելի քան 2000 մարդ։
Մտավախություն կա, որ զոհերի թիվը կարող է կտրուկ աճել գավառի մայրաքաղաք Պադանգում բազմատոննայանոց փլվածքների մաքրման աշխատանքների ընթացքում։
Արեւմտյան Սումատրա գավառում ստորգետնյա ցնցումների առաջին ալիքը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին։ Գործնականում երկրի երեսից վերացել է Պադանգ քաղաքը։ Ավերվել է շինությունների 75%-ը։ Ցնցումների ուժգնությունը կազմել է 7,6 բալ։ 7 բալ ուժգնությամբ երկրորդ երկրաշարժը գրանցվել է այսօր Սումատրայի մոտակայքում՝ Բենգկուլու գավառից 154 կմ դեպի հյուսիս-արեւմուտք։ Երկրաբանների կարծիքով, առկա է ցունամիի վտանգը։




























